Թուրքիայի հարավ-արևելքում՝ քրդաբնակ Վանում, Դիարբեքիրում ու Մարդինում առավոտից հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել Անկարայից թելադրված որոշման դեմ, որով Էրդողանի կառավարությունը հարկադրաբար աշխատանքից ազատել է 5 ամիս առաջ ձայների գերակշիռ առավելությամբ ընտրված քաղաքապետերին ու նրանց փոխարեն նշանակել իր նախընտրած թեկնածուներին:
Պաշտոնանկ արված քաղաքապետերը ներկայացնում են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը պատգամավորների թվով երկրորդ ընդդիմադիր ուժն է Թուրքիայի Ազգային մեծ ժողովում:
Պաշտոնական Անկարան պնդում է, որ վերջիններս անդամակցել են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, որը Թուրքիայում և Արևմուտքում ներառված է ահաբեկչական խմբավորումների շարքում:
Քրդամետ կուսակցությունը կտրականապես հերքում է այս մեղադրանքներն ու պնդում, թե էրդողանի վարչակազմը հակաահաբեկչական պայքարի քողի տակ ճնշում է գործադրում՝ ընդդիմությանը լռեցնելու համար:
«Մենք այս որոշման հետ չենք համակերպվի, այս իրավիճակը չենք ընդունի», - պնդել է Դիարբեքիերի պաշտոնանկ արված քաղաքապետ Սելջուկ Միզրաքլին: - «Ես չեմ կարող ընդունել, որ նման գործընթացը համապատասխանում է օրենքի տառին: Անկախ այն հանգամանքից Դիարբեքիրում է, Վանում թե Մարդինում՝ այս քայլը ցույց է տալիս, որ Թուրքիայում քաղաքական նոր փուլ է սկսվել: Եվ ինչպես 1999 թվականի մահաբեր երկրաշարժը, այսօրվա միջադեպերն էլ կդառնան երկրաշարժ Թուրքիայի քաղաքական դաշտի, ժողովրդավարության ու օրենքի գերիշխանության համար»:
Ընտրված քաղաքապետերին պաշտոնանկելուց բացի, Էրդողանի վարչակազմը նաև զանգվածային ձերբակալություններ է սկսել քրդաբնակ շրջաններում: Վերջին տվյալներով, ազատազրկվել է ավելի քան 400 մարդ՝ նույն Քրդական աշխատավորական կուսակցությանը հարելու կամ ահաբեկչական քարոզ իրականացնելու մեղադրանքով:
Ձերբակալությունների լուրն է'լ ավելի է թեժացրել կրքերը․ ըստ հաղորդումների, Վանում և Դիարբեքիրում բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանության միջև:
«Այսօր ձերբակալված մեր ընկերներից որևէ մեկը որևէ մեղք չի գործել», - հայտարարել է քրդամետ կուսակցության համահիմնադիր Սեզայ Թեմելին՝ ընդգծելով, որ Թուրքիան չի կարող հաղթահարել ժողովրդավարական խնդիրները, քանի դեռ չի լուծել քրդական հարցը:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ ճնշումները նոր չեն: Թեև 2016-ի հեղաշրջման փորձը քրդերի հետ ուղղակիորեն կապ չուներ, բայց այն ժամանակ դեռ էրդողանի վարչակազմը, գյուլենականներից բացի, պաշտոնանկ արեց նաև քրդամետ 102 քաղաքապետերից 95-ին, հարյուրավոր քուրդ գործիչներ ձերբակալվեցին՝ ահաբեկչական գործունեություն ծավալելու կասկածանքով:
Արդեն 3 տարի է նույն մեղադրանքով ճաղերի հետևում է նաև կուսակցության համահիմնադիր Սելահաթթին Դեմիրթաշը, ով անցած տարի մարտահրավեր էր նետել Ռեջեփ Էրդողանին նախագահական ընտրություններում:
«Սա ստոր հեղաշրջում է: Եթե սրա հետ համակերպվենք, հաջորդիվ պաշտոնանկ կարվեն Անկարայի ու Ստամբուլի քաղաքապետերը», - հայտարարել է քրդամետ կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը՝ կոչ անելով ընդդիմադիրներին համախմբվել:
Արձագանքը չի ուշացել․ խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության՝ ժողովրդահանրապետականի ներկայացուցիչ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Թվիթերում գրել է՝ Վանի, Դիարբեքիրի ու Մարդինի քաաքապետերի պաշտոնանկությունը ժողովրդավարության հետ որևէ առնչություն չունի, ժողովրդի կամքի անտեսումը չի կարող ընդունելի լինել:
Նույն կուսակցության փոխնախագահ Վելի Աղբաբան էլ պնդել է, թե պաշտոնանկությունները հավասարազոր են ֆաշիզմին ու լրջորեն հարվածում են ժողովրդավարական արժեքներին:
Ավելին, գործող կառավարության այդ որոշումը Թվիթերում քննադատել են նաև նախագահ Էրդողանի երբեմնի դաշնակիցները՝ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլն ու նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, մի բան, որ հազվադեպ է պատահում Թուրքիայի ներքաղաքական կյանքում:
Պաշտոնանկություններից ու ազատազրկումներից բացի, թուրքական բանակը նաև երեկվանից Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների դեմ հատուկ գործողություն է սկսել քրդաբնակ Վանում, Սիրնակում ու Հաքքարիում: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, հաշված ժամերի ընթացքում ահաբեկչական խմբավորման 40-ից ավելի հենակետ է հայտնաբերվել ու վերացվել: «Հատուկ գործողությունները կշարունակվեն, քանի դեռ բոլոր ահաբեկիչները չեն չեզոքացվել», - հայտարարել է Ներքին գործերի նախարարությունը:
Վերլուծաբանները փաստում են, որ երկրի արևելքում քրդերի դեմ սկսված այս գործողություններին զուգահեռ՝ թուրքական բանակը նաև փորձում է թուլացնել քրդերի դիրքերը Սիրիայի հյուսիսում․ մի քանի շաբաթ է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, թե մտադիր է Միացյալ Նահանգների հետ անվտանգության գոտի ստեղծել քրդերի վերահսկողության տակ գտնվող այդ տարածքներում և կառավարումն իրականացնել ԱՄՆ-ի հետ համատեղ՝ կոորդինացիոն շտաբի միջոցով: