Մատչելիության հղումներ

6-րդ վարչությունը ստուգում է իրականացնում Ավինյանի խորհրդականի անվան հետ կապվող ընկերությունում


Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանում է «Ազատության» հարցերին, 18-ը նոյեմբերի, 2019թ. Երևան
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանում է «Ազատության» հարցերին, 18-ը նոյեմբերի, 2019թ. Երևան

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը ստուգում է իրականացնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի անվան հետ կապվող ընկերությունում։ Այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ինքը՝ Ավինյանը:

«Կարծում եմ՝ մեր երկրում բոլորն իրավունք ունեն հայտարարություններ անել և ազատ են այդ հայտարարության մեջ, համապատասխան մարմիններն իրականացնում են ստուգում տվյալ տեղեկատվության, բայց նաև խիստ կասկածում եմ, որ այն, ինչ պարոն Պետրոսյանը հայտարարում է, իրականությանը համապատասխանում է», - նշեց նա։

Տիգրան Ավինյանը նկատեց, որ չի հասկանում, թե ինչ նկատի ունի նախկին պաշտոնյան, երբ ասում է «կոռումպացվածության հասնող թայֆայականություն»։

Ճշտող հարցին՝ Ավետիք Էլոյանը հետաքննության ներքո՞ է, նա պատասխանեց, որ որքան ինքն է տեղյակ, 6-րդ վարչությունը ստուգում է իրականացնում կոնկրետ հենց այդ ընկերության մոտ, իսկ Էլոյանը պատրաստվում է դատարան դիմել Պետրոսյանի հայտարարության հետ կապված։

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Ավինյանն ինքը դերակատարում ունեցել է, որ այդ ընկերությունը նման պատվերներ ստանա, փոխվարչապետը շեշտեց. - «Ես որևէ դերակատարում որևէ ընկերության պատվերներ ստանալու հետ կապված չեմ ունեցել»։

Մյուս հարցին՝ եթե պարզվի, որ այդ ընկերությունը նման նախագծեր է իրականացնում, պաշտոնանկ կարվի՞ խորհրդականը, Տիգրան Ավինյանն արձագանքեց, որ եթե կա շահերի բախում, ապա օրենքին համապատասխան պետք է պատասխանատվության ենթարկվի։

Ոստիկանության լրատվական ծառայությունից այսօր «Ազատությանը» լրացուցիչ տեղեկություն չհայտնեցին՝ հաստատելով միայն ստուգումներ անցկացնելու փաստը:

Ավետիք Էլոյանը, ով 2018թ. հունիսին՝ թավշյա հեղափոխությունից հետո, նշանակվել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, կարճ ժամանակ անց թողել էր այդ պաշտոնը՝ այս տարվա փետրվարին նշանակվելով Տիգրան Ավինյանի խորհրդական:

Մոտ մեկ ամիս առաջ հրաժարականի դիմում ներկայացնելով՝ Կադաստրի պետական կոմիտեի այլևս նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ գրառում կատարեց․

«Այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը, ինչի դեմ պայքարել եմ դեռևս ուսանողական տարիներից, ապա նույնկերպ՝ հանրային դաշտում, իսկ ավելի ուշ՝ որպես փորձագետ», - ասված էր գրառման մեջ:

Ավելի ուշ Պետրոսյանը դարձյալ Ֆեյսբուքի իր էջում մանրամասներ ներկայացրեց․ - «2019 թվականի մայիսին Հայաստանում գրանցվում է նույն՝ (Eloyan Architects) անունով կազմակերպություն այս անգամ (Տիգրան Ավինյանի խորհրդական՝ Ավետիք Էլոյանի) եղբոր՝ Զարեհ Էլոյանի անունով, իհարկե այն կարող է լինել զոքանչի կամ վարորդի անունով։

Այս կարճ ընթացքում նորաստեղծ ընկերությանը պատվիրակվում է Հայաստանի անկախության շրջանի խոշորագույն նախագծերից, իսկ այս պահին իրականացվող ամենախոշոր նախագիծը՝ շվեցարահայ Վարդան Սերմաքեշի կողմից իրականացվող ավելի քան 60 հա տարածքով նոր քաղաք Աբովյան քաղաքի հարևանությամբ։ Ի դեպ թե սա, թե Սերմաքեշի մի շարք ներդրումային ծրագրերը համակարգում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը։ Համաձայն օդում կախված լուրերի՝ Eloyan Architects-ն այժմ ներգրավված է նաև նոր ֆուտբոլային ստադիոնի, Դալմայի տարածքում բազմահարկ բնակելի թաղամասի և մի շարք այլ նախագծերում։ Դրան ավելացնենք հանրահայտ 70 հարկանի շենքի նախագիծը», - գրել էր Պետրոսյանը:

«Ազատության» հետ զրույցում օրեր առաջ Սարհատ Պետրոսյանն ընդգծեց՝ փոխվարչապետ Ավինյանի խորհրդականը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն նախագծային կազմակերպության սեփականատերը՝ նախկինում որևէ գործունեություն չծավալելով Հանրապետությունում:

«Ազատությունը» դիմել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ՝ Ավետիք Էլոյանից արձագանք ստանալու նպատակով: Պատասխան ողջ օրվա ընթացքում չի եղել։

XS
SM
MD
LG