Մատչելիության հղումներ

Թանդիլյանը ափսոսանք է հայտնում, որ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավորից «պետական գործիչ չդարձավ»


Ուրբաթ օրը Ազգային ժողովում 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, հայտարարել էր՝ «կանգնեք և ուղիղ ասեք, որ դեմ եք թոշակների և աշխատավարձերի բարձրացմանը»:

«Լուսավոր Հայաստան»-ին ուղղված վարչապետի խոսքին պատասխանում է ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը:

Ստորև՝ հատված «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդումից․

«Ազատություն»․ - Ինչ է ձեզ ասել վարչապետը անվանական և կոշտ ձևակերպումներով՝ որ ընդդիմությունը տերմինախեղդ է անում, ասում եք անընդհատ՝ ֆիսկալ կանոններ են խախտվել և այլն, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, կանգնեք, ուղիղ ասեք, որ «մենք դեմ ենք, որ դուք այսօր բարձրացնեք աշխատավարձերը, թոշակները», ոչ թե տերմինախեղդ արեք, որ մարդիկ չհասկանան, թե իրականում ինչ եք ուզում ասել:

Մանե Թանդիլյան․ - Իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ տերմինը միայն վարչապետ Փաշինյանն է, որ չի հասկացել, մնացած բոլորը էդ տերմինների տակ հասկացել են՝ ինչ նկատի ունեմ:

Գիտե՞ք, էստեղ մի ուրիշ խնդիր էլ կա՝ երբ որ վարչապետը, այսինքն՝ երկրի, պետության առաջին դեմքը, չի ընկալում ֆիսկալ կանոնի կարևորությունը և դիմում է մանիպուլյատիվ քայլերի, պետք է երկու բան արձանագրել՝ կա՛մ նրա տնտեսական բլոկը ուղղակի զրոյացած վիճակում է և բավարար գիտելիք չի տրամադրում Փաշինյանին, կա՛մ ուղղակի նրա տարրական ֆինանսական գիտելիքները շատ ցածր մակարդակի վրա են գտնվում, և երկուսն էլ շատ վատ է ու վտանգավոր, որովհետև ֆիսկալ կանոնները ներդրված են հենց նրա համար, որ մակրոտնտեսական կայունությունը պետության և պարտքը լինի կառավարելի, հետևաբար՝ դրա չպահպանելը նշանակում է վտանգել պետության տնտեսական զարգացման հեռանկարը: Ընդամենը մեկ տող ցույց տվեցի բյուջեում, որտեղ կարող են ուսումնասիրել ու տեսնել՝ ինչը կարելի է շտկել, որ կանոն չխախտեն, դրա փոխարեն թիվ մեկ ամբիոնից հայտարարում են, որ նպատակը արդարացնում է օրենքի խախտումը: Էդ դեպքում էլ ո՞ւմ ենք օրենքի խախտման համար պատասխանատվության ենթարկելու՝ մարդիկ օրենք են խախտում բարի նպատակներով հաճախ: Էդ դեպքում ի՞նչ դեմքով եք գնում ու ասում մարդկանց՝ «օրենք պահպանեք», թե՞, ի՞նչ է ձեզ թվում, ձեզ կարելի է օրենքը խախտել, քաղաքացիներին՝ ո՞չ:

Ես կարծում եմ՝ դա շատ վտանգավոր մեսիջ էր, որ հղեց Փաշինյանը, ցավում եմ, որ օգտվեց ժողովրդի՝ սոցիալական ծանր վիճակում գտնվելու հանգամանքով և սոցիալական մանիպուլյացիայի ենթարկեց մարդկանց միտքը: Եվ ցավում եմ, որ այս երկու տարիների ընթացքում ընդդիմադիր անպատասխանատու հայտարարություններ անող պատգամավորից Փաշինյանը պետական գործիչ չդարձավ: Իսկ եթե այդպես լիներ, նա ընդամենը պետք է արագ հանձնարարեր իր ֆինանսների նախարարին՝ շտկել օրենքի խախտումը և այլևս չվտանգել տնտեսության մեր հետագա զարգացումը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG