Մատչելիության հղումներ

Ըստ վարչապետի` 2020թ. բյուջեն հեղափոխական է, ըստ ընդդիմադիրների՝ պահպանողական և իներցիոն


Ազգային ժողովի նիստ, արխիվ

Գալիք տարվա Հայաստանի պետական բյուջեի եկամուտները մոտ 30 տոկոսով շատ են լինելու՝ 2018թ․ պետբյուջեի եկամուտների հետ համեմատած։ Այս մասին այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով 2020թ․ պետական բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումների ընթացքում:

2018 թվականը Սերժ Սարգսյանի կառավարման վերջին տարին էր, և թավշյա հեղափոխության արդյունքում մոտ քառորդ դար իշխանության մաս կազմող ՀՀԿ առաջնորդը հրաժարական ներկայացրեց:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2018-ին, երբ ինքը դեռ վարչապետ չէր՝ հեղափոխության շրջանում, հայտարարել է, որ մեկ-երկու տարվա ընթացքում Հայաստանի բյուջեն կարող է կամ պետք է ավելանա 30-35 տոկոսով. - «Սա եղել է հեղափոխության կարգախոսներից կամ խոստումներից մեկը։ 2020թ. պետական բյուջեում եկամտային մասը 2018 նախագծում 2018 թվականի եկամտային մասը գերազանցում է 27,4 տոկոսով, եթե սրան գումարում ենք նաև 2018թ. ընթացքում բյուջեի գերակատարման ցուցանիշները, որոնք արդեն 62 միլիարդով գերակատարված են, ես արդեն փաստացիի մասին եմ խոսում, և ոչ մի տեղ հաշվառված չեն, ուրեմն բյուջեի աճը մեր համախառն կազմում է 33 տոկոս, իսկ եթե սրան ավելացնում ենք այն բյուջետային կորուստները, որոնք ունեցել ենք մեր որոշումների արդյունքում՝ Հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում, Պարտադիր կենսաթոշակների արդյունքում, այսինքն՝ որ մենք պիտի բյուջեի այդ փողերը հավաքեինք, բայց մենք հրաժարավել ենք այդ փողերից կամավոր, մեր աճը կազմում է ավելի քան 35 տոկոս։ Սա ուղիղ պատասխան է այն հարցին, թե արդյոք այս բյուջեն հեղափոխական է», - ասաց վարչապետն ու հայտարարեց.

«Այո, այս բյուջեն հեղափոխական է, որովհետև ճշգրիտ իրագործումն է այն նախահեղափոխական խոստման, որ ես անձամբ հիշեցրել եմ»։

Փաշինյանը նաև թվեր հրապարակեց՝ նշելով, որ 2020 թվականի նախատեսված կապիտալ ծախսերը 2018-ի փաստական ցուցանիշի նկատմամբ ավելի են 135,1 տոկոսով. - «Այսինքն՝ այլ կերպ, քան հեղափոխական սա չի կարելի անվանել, ընդ որում, հիմա մենք տեմպի առումով շատ կարևոր է արձանագրել մի բան, հեղափոխությունից առաջ եկամտային մասի միջին վիճակագրական աճը եղել է յոթ տոկոս։ Մենք էս տեմը կրկնապատկել ենք։ Եթե այս ցուցանիշը հաշվի ենք առնում, նույնիսկ պլանավորված, մեր միջին տարեկան աճը բյուջեի կազմում է 14 տոկոս՝ նախկին՝ յոթ տոկոսի փոխարեն։ Բա հեղափոխությունը պոզով-պոչո՞վ է լինում»,- ներկայացրեց վարչապետը։

Մինչ վարչապետի ելույթը գալիք տարվա պետբյուջեի նախագծի վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորները քննադատության թիրախ էին դարձրել կառավարությանը՝ հայտարարելով, որ փաստաթուղթն ամենևին էլ հեղափոխական չէ, դեռ ավելին՝ պահպանողական է, իներցիոն: Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Մանե Թանդիլյանը համեմատություն տարավ հարևան Վրաստանի հետ:

«Վրաստանում 2003թ.-ին, երբ տեղի ունեցավ հեղափոխություն, տնտեսական աճը տվյալ տարում 11.1 տոկոս էր, իսկ հետագա տարիներին միջինը մինչև 2008 թվականի ճգնաժամը՝ 9.7 տոկոս, և որքանո՞վ է այս բյուջեն հեղափոխական, եթե չասեմ պահպանողական, դա երևի ամենամեղմ նկարագիրը կլինի», - հայտարարեց պատգամավորը։

2020թ․ պետական բյուջեի նախագծով գալիք տարի նախատեսվում է ունենալ 1 տրիլիոն 697 միլիարդ դրամ եկամուտ, 1 տրիլիոն 880 միլիարդ դրամ ծախս կատարել, իսկ տնտեսական աճն էլ նախատեսված է 4.9%:

Թանդիլյանը նշեց, որ տարբեր առիթներով ասում են, որ որևէ խոչընդոտ չկա, և բազմաթիվ փոփոխություններ, բարեփոխումներ են արվել ներդրումների համար, այդ թվում՝ Հարկային օրենսգրքում. - «Բայց այս վերջին երկու տարվա ընթացքում 6.7 տոկոսը չի անցնում ներդրումների ծավալի աճը։ Այնինչ, նորից հեռու չգնալով՝ հետհեղափոխական Վրաստանի անմիջապես հաջորդ տարին 2.5 անգամ մեծացավ ներդրումների ծավալը՝ հասնելով մեկ միլիարդ դոլարի։ Գնահատականները թողնում եմ ձեզ», - նշեց նա։

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը շեշտեց՝ Հայաստանի քաղաքացիները թավշյա հեղափոխությունն իրականացրած ուժին պատգամել են երկրում արմատական, համակարգային բարեփոխումներ իրականացնել, այնինչ գալիք տարվա պետբյուջեի փաստաթուղթը զուրկ է նման բովանդակությունից:

«2020 թվականի պետական բյուջեն ո՛չ շատ հոռետեսական է, ո՛չ էլ լավատեսական, առավել ևս հեղափոխական չէ, ինչպես ներկայացնում են իշխանության շատ անդամներ, ցավով պետք է արձանագրել, որ 2020 թվակականի պետական բյուջեի նախագիծն իր մեջ մեծապես կրում է իներցիայի շունչը՝ բազմաթիվ հոդվածներով ու ուղղություններով ֆինանսավորումն ընդամենը նպատակ ունի ապահովելու նախկին իներցիայի շարունակականությունը», - կարծում է Արման Բաբաջանյանը։

Վերջինս նկատեց, որ բյուջեի նախագծում չկան հավակնոտ ծրագրեր, արմատական, համակարգային բարեփոխումներ, ընդհանուր առմամբ չկա ստեղծարարություն և նորարարություն։

XS
SM
MD
LG