Մատչելիության հղումներ

Ռուսաստանում էլ չեն հավատում Հայաստանի նախկին իշխանությունների «արցունքներին», պնդում է քաղաքագետը


Անցած շաբաթ Երևանում էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ռուսաստանի թիվ մեկ դիվանագետը կարևոր հայտարարություններ արեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Լավրովի այցը, նաև այլ թեմաներ է քննարկել Հայր Թամրազյանը Հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ:

Ստորև՝ հատված «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականից»․

Ստյոպա Սաֆարյան․ - Ոչ միայն Լավրովի այցելությունը, այլ նաև հենց նույն Շոյգուի՝ պաշտպանության նախարարի այցելությունը ցույց տվեցին, որ Հայաստանի նախկին իշխանությունների այն մանիպուլյացիաները, թե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները թունավորված են, ըստ էության այդպես չէ՝ Ռուսաստանը և Հայաստանը ամենատարբեր ոլորտներում շարունակում են հարաբերությունները կառուցել, այն հավաստիացումները, որ նրանք [նախկին իշխանությունները] տալիս էին Մոսկվային, թե «համբերեք, մենք Երևանում հիմա կոնտրհեղափոխություն կանենք, և դուք արդեն կունենաք նոր գործընկերներ», դրանք տապալված են: Եվ թերևս Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Հայաստանի հետ հարաբերվելու այս ինտենսիվ ֆորմատները ցույց են տալիս, որ Ռուսաստանում էլ չեն հավատում նախկին իշխանությունների արցունքներին:

«Ազատություն»․ - Պարոն Սաֆարյան, այստեղ մենք տեսանք նաև, որ Լավրովը մի տեսակ հանդիմանանքով խոսեց նախկին, արդեն երրորդ նախագահի հասցեին՝ Ցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ, ասում էր, թե «մենք ասում էինք իրենց, որ պետք չի ստորագրել, որովհետև մինչև Ղարաբաղի հարցը չի կարգավորվել, նրանք չեն ընդունելու, միևնույն է, դա, բայց մեզ չլսեցին, ասացին, թե «մենք ամեն ինչ պայմանավորվել ենք, ամեն ինչ լավ է լինելու»: Սա հետաքրքիր դրվագ էր, որ նա, փաստորեն, բացահայտեց մեզ համար, բոլորիս համար, թե կուլիսների հետևում ինչ զրույց է եղել: Հետաքրքիր է: Այսինքն՝ մենք տեսանք քննադատական, էդպես, սլաքներ՝ ուղղված և՛ Ռոբերտ Քոչարյանին, և, փաստորեն,՛ Սերժ Սարգսյանին՝ Ղարաբաղի և հայ - թուրքական հարաբերությունների հարցում: Այդպե՞ս է:​

Սաֆարյան․ - Միանշանակ այդպես է: Ակնհայտորեն, գիտե՞ք, ժամանակին էլ՝ դեռևս 2008-2009 թվականներին, երբ մեկնարկեց այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտությունը», կային կասկածներ, որ Ռուսաստանը չի կարող շահագրգռված լինել այդ պրոցեսով: Պարոն Լավրովը, անշուշտ, դա ներկայացնում է ավելի շատ ոչ-իրատեսական լինելու դաշտում, քանի որ ղարաբաղյան խնդիրը կարգավորված չէ, բայց կարծեք թե ակնհայտ է դառնում, որ այն ժամանակ հենց նույն Ադրբեջանի վարքագիծը՝ սպանելու հայ-թուրքական արձանագրությունները, նույն Ռուսաստանի, այսպես, բազմանշանակ լռությունը, թեպետ ֆորմալ իրենք ներկա էին այդ գործընթացի տարբեր էտապներում, այնուամենայնիվ, ցույց էին տալիս, որ Ռուսաստանը այնքան էլ ոգեշնչված չէր Հայաստանի արևմտյան սահմանի բացումով և հայ - թուրքական հարաբերությունների նորմալացումով, որը կարող էր բավականին լուրջ փոփոխություն մտցնել Հայաստանի տարածաշրջանային քաղաքական մթնոլորտում: Եվ հետևաբար, պարոն Լավրովը այս առումով, այո, նույնիսկ կարելի է ասել՝ չի թաքցնում իր դժգոհությունը երրորդ նախագահից:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի նոյեմբերի 17-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG