Մատչելիության հղումներ

ԲՀԿ առաջնորդի պնդումներին «Իմ քայլ»-ից հակադրում են կառավարության ձեռքբերումները


Ազգային ժողովի նիստ, արխիվ

Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից արձագանքում են ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան»-ի (ԲՀԿ) առաջնորդի հայտարարությանը՝ թվելով, իրենց ձևակերպմամբ, կառավարության ձեռքբերումները:

«Ծառուկյանը ինչ ասում ա, իր դիրքորոշման վրա ա լինում: Ես տարվա սկզբին ասել եմ, որ այդ ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի կարող լինել: Կարող եմ գրել և ստորագրել: Եթե ցանկացած Հայաստանում տնտեսագետ կարող ա գա Ծառուկյանի հետ ներկայացնի, որ այդ ծրագիրը տնտեսական ա, մենք կողմ քվեարկեմ, ասեմ՝ ապրեք», - երեկ հայտարարել էր Գագիկ Ծառուկյանը:

«Իմ քայլ»-ի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը 2020 թվականի բյուջեի սպասվող աճն է առաջին հերթին մատնանշում, որը, ըստ նրա, աննախադեպ է։ «Արդյո՞ք 700 միլիոն ԱՄՆ դոլարով ավել բյուջեն, նախադեպը չունեցող Հայաստանի Հանրապետությունում, դա տնտեսական հեղափոխությո՞ւն է, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ հենց այդ ծրագրի, հենց այն ճիշտ աշխատանքի կանոնակարգված, համակարգված և օպտիմալացված աշխատանքի արդյունքն է, որ բյուջեն մենք նախատեսում ենք 2020 թվականի համար 700 ավել, դա՝ մեկ, պետական ապարատի աշխատավարձերի բարձրացումը, առհասարակ մոտեցումը տնտեսական հարցերին և աղքատության վերացմանը», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Փամբուխչյանը:

2020 թվականին Հայաստանի բյուջեի նախագծով նախատեսվում է ավելի քան 1 տրիլիոն 880 միլիարդ դրամի կամ շուրջ 4 միլիարդ դոլարի ծախս: Եկամուտները մոտ 200 միլիարդ դրամով պակաս կլինեն։ Թե՛ ծախսերը, թե՛ եկամուտները անցած տարվա համեմատությամբ ավելացել են 13-14 տոկոսով:

Եկող տարվա բյուջեն Ազգային ժողովում ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե տնտեսական հեղափոխությունը թափ է առնում Հայաստանում, ու հսկայական ներդրումներ կան:

Գագիկ Ծառուկյանը դժգոհ է նաև ներդրումննրի պայմաններից, ասում է, թե ներդրողների համար ժամանակատար է գործընթացը, գործարարները երկար սպասել չեն կարող:

Արմեն Փամբուխչյանն արձագանքում է՝ ներդրումների ընթացակարգին առնչվող խնդիրները ժամանակավոր են, կառավարությունը քննարկում է այդ հարցերը, ու շուտով լուծում կտրվի նաև դրանց։ Իսկ մինչ այդ, ընթացիկ խնդիրները, հատկապես՝ մեծ ներդրողների համար, կարող են արագ լուծվել համապատասխան կառույցների միջոցով, համոզված է իշխանական խմբակցության պատգամավորը։

«Կան այդ օղակները, որոնց միջոցով իրենք կարող են այդ ամբողջը, պրոցեսը, դյուրին իրականացվեն», - ընդգծեց Փամբուխչյանը:

XS
SM
MD
LG