Մատչելիության հղումներ

Անկարան դատապարտում է Սիրիայում հայ հոգևորականի սպանությունը՝ որպես կասկածյալներ ԻՊ-ից բացի նշելով նաև քրդերին


Հարձակման ենթարկված ավտոմեքենա Սիրիայում, արխիվ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Սիրիայի Ղամիշլիի Հայ կաթողիկե եկեղեցու հովվապետի սպանությունը՝ միաժամանակ նշելով, թե ահաբեկչական գործողությունը կատարվել է քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում:

Daily Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում ասված է․ - «Խորապես վշտացած ենք՝ տեղեկանալով, որ Սիրիայի հայ համայնքի հոգևորականը կորցրել է իր կյանքը զազրելի հարձակման հետևանքով, որը տեղի է ունեցել Սիրիայի Ժողովրդավարական միության, Ժողովրդի պաշտպանության ուժերի և Աշխատավորական կուսակցության (PYD/YPG/PKK) ահաբեկչական կազմակերպությունների վերահսկողության տակ գտնվող տարածքում: Մենք խորապես դատապարտում ենք ահաբեկչական այդ գործողությունը և մեր ցավակցությունը հայտնում Սիրիայի ժողովրդին»:

Հինգշաբթի օրը հրապարակված հայտարարությունում այնուհետև ասված է, թե տեղի ունեցածի ուղղակի կասկածյալները տարածաշրջանում գործող «Իսլամական պետության» ու Ժողովրդի պաշտպանության ուժերի և Աշխատավորական կուսակցության ահաբեկչական կազմակերպություններն են, որոնք մշտապես թիրախավորում են բոլոր սիրիացիներին՝ ներառյալ քրիստոնյաներին:

Վերահաստատելով ահաբեկիչների և ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ պայքարելու Թուրքիայի վճռականությունը՝ արտգործնախարարությունը հայտնել է, որ Թուրքիան, գործելով միջազգային հանրության հետ համատեղ, կաշխատի գտնել այդ ահաբեկչական հարձակումն իրականացնողներին:

Նոյեմբերի 11-ին Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչները կրակ բացելով սպանել են Ղամիշլիի հայ կաթողիկե հովվապետ տեր Հովսեփ քահանա Պետոյանին և նրա հորը՝ տեր Աբրահամ քահանա Պետոյանին:

Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է ահաբեկչական այդ գործողությունը և նշել, որ հոգևորականների կյանքն ընդհատվել է այն պահին, երբ նրանք ծառայություն էին մատուցում պատերազմից հյուծված Դեր Զորի համայնքին:

Ըստ տարբեր աղբյուրների՝ հոգևորականների սպանության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:

XS
SM
MD
LG