Մատչելիության հղումներ

Լինդսի Գրահամն արգելափակել է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը ԱՄՆ Սենատում


ԱՄՆ սենատոր Լինդսի Գրահամ, արխիվ

Հարավային Կարոլինայից ընտրված հանրապետական սենատոր Լինդսի Գրահամն արգելափակել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի վերին պալատում:

Փաստաթուղթը Սենատում շրջանառության մեջ էր դրել Նյու Ջերսիից ընտրված Ռոբերտ Մենենդեսը` կոչ անելով անմիջապես անցնել քվեարկության` առանց հավելյալ քննարկումների: «Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը պետք է ազնվորեն արտացոլի մարդկության դեմ հանցագործությունների ու ցեղասպանությունների փաստերը», - հայտարարել էր հայամետ սենատորը:

Գրահամը, սակայն, տեղում առարկել էր` պնդելով, թե սենատորները չպետք է գունազարդեն պատմությունը կամ փորձեն այն վերստին գրել:

Դրանից ժամեր առաջ Լինդսի Գրահամը հանրապետական մի շարք այլ սենատորների հետ մասնակցել էր Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահների հանդիպմանը Սպիտակ տանը: Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների տանն ընդունված բանաձևը ամոթալի քայլ էր, և հույս էր հայտնել, որ Սենատն «այդ սխալը չի կրկնի»:

Մեկնաբանելով Գրահամի որոշումը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է․ - «Ակնհայտ է, որ Ներկայացուցիչների տանը գրեթե միաձայն ընդունված բանաձևից հետո Սենատը ևս հավանություն կտար` ձայների գերակշիռ մեծամասնությամբ»: Նա հավելել է՝ եթե սենատորին դուր չէր գալիս այս բանաձևը, նա կարող էր դեմ քվեարկել, ոչ թե արգելափակել` զրկելով գործընկերներին իրենց կարծիքն արտահայտելու հնարավորությունից:

Recommended

XS
SM
MD
LG