Մատչելիության հղումներ

Փաստաբանների պալատում դեռ չգիտեն՝ ովքեր են ձերբակալված փաստաբանները


Արտապատկերում ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութից
Արտապատկերում ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութից

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) Փաստաբանների պալատի երկու անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք է բացահայտել։ Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քրեակատարողական հիմնարկներից մեկում պատիժ կրող դատապարտյալին մատուցելով իրավաբանական ծառայություններ, առաջարկել են խուսափել պատժի հետագա կրումից՝ իրենց միջոցով Վերաքննիչ դատարանի իրավասու պաշտոնատարին 7 հազար դոլար կաշառք տալով։

ԱԱԾ աշխատակիցները նկարահանել են, թե ինչպես են փաստաբանները վերցրել գումարը և խաբեությամբ հափշակել այն։ Փաստաբաններից մեկի գրասենյակում 6 հազար 800 դոլար է հայտնաբերվել։

Քրեական գործ է հարուցվել, փաստաբանները բերման են ենթարկվել, ձերբակալվել են և ըստ ԱԱԾ-ի՝ որպես կասկածյալ հարցաքննվելուց հետո խոստովանել են կատարած հանցագործությունը։ Նրանց անունները ԱԱԾ-ն չի բացահայտում:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասում է՝ իրենք ունեն մշակած գործիքակազմ այսպիսի դեպքերը կանխարգելու համար, սակայն ԱԱԾ-ի այս բացահայտումն իր համար շոկային չէ, քանի որ այսպիսի դեպքեր էլի եղել են:

«Մենք ունենք 2081 փաստաբան, և ասեմ, որ Փաստաբանների պալատը ինքը ևս հայտարարել է կոռուպցիայից հեռու մնալու քաղաքականությունը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Զոհրաբյանը:

Փաստաբանների պալատի նախագահը վստահեցնում է՝ կոռուպցիայի մեջ ներգրավված փաստաբանները զրկվում են արտոնագրերից, բայց կոնկրետ այս դեպքում երկու փաստաբանների մեղավորության մասին ոչինչ չի կարող ասել՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը: Անդրադառնալով ինքնախոստավանական ցուցմունքների առկայությանը՝ ասում է․ - «Դա մենք լսում ենք միայն վարույթն իրականացնող մարմնի հայտարարությունից: Ի վերջո, ինքնախոստովանական ցուցմունքը դեռևս չի նշանակում, որ դա, այդ փաստը ապացուցված է: Կոնկրետ դեպքում, եթե կլինի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որով կհաստատվի փաստաբանների մեղքը, բնականաբար՝ դա դատապարտելի երևույթ է»:

Զոհրաբյանը մեկ այլ հարցի վրա է ուշադրություն հրավիրում: Նրա խոսքով, Փաստաբանների մասին օրենքի համաձայն՝ վարույթ իրականացնող մարմինը, տվյալ դեպքում՝ ԱԱԾ-ն, փաստաբանին կալանավորելու կամ ձերբակալելու դեպքում պետք է դրա մասին անհապաղ տեղյակ պահի Փաստաբանների պալատի նախագահին: Պաշտոնական իրազեկում չեն ստացել և դեռ չգիտեն, թե ովքեր են ձերբակալված փաստաբանները, այս ամենի մասին իմացել են ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունից, ասաց Արա Զոհրաբյանը:

«Ես երկու օր Հայաստանում չեմ եղել, միգուցե այդ օրերին փորձել են կապվել՝ չեն կարողացել, չեմ կարող ասել, դրա համար, բոլոր դեպքերում՝ պաշտոնական նամակ, պաշտոնական գրություն, պաշտոնական տեղեկացում չունենք», - հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահը:

Պալատը այսօր հայտարարություն է հրապարակել ձերբակալված փաստաբանների վերաբերյալ, որում «կրկին անգամ կոչ է անում փաստաբաններին չներգրավվել կոռուպցիոն հարաբերություններում և հավատարիմ մնալ փաստաբանի մասնագիտական կոչմանը»:



XS
SM
MD
LG