Մատչելիության հղումներ

ԱԱԾ. Փաստաբանների պալատի 2 անդամ առանձնապես խոշոր չափերով գումար են հափշտակել


Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք է բացահայտել։

Ըստ հաղորդագրության, ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամներ, ըստ պայմանագրերի, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից մեկում ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին մատուցելով իրավաբանական ծառայություններ, նրա գույքին տիրանալու դիտավորությամբ, իրենց նկատմամբ ունեցած վստահությունը չարաշահելու եղանակով, առաջարկել են պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծել ՀՀ վերաքննիչ դատարանի՝ դատական համակարգի իրավասու պաշտոնատար անձին իրենց միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ 3.331.090 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլարի կաշառք տալու եղանակով` դրանով իսկ դրդելով դատապարտյալին կաշառք տալուն:

Այս պատրվակով ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո ստանալով պահանջած առանձնապես խոշոր չափերով գումարը՝ փաստաբանները խարդախությամբ հափշտակել են այն։ 6800 ԱՄՆ դոլարը հայտնաբերվել է փաստաբաններից մեկի բնակարանում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված խուզարկության արդյունքում։

Հարուցված քրեական գործի շրջանակներում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել, ձերբակալվել և որպես կասկածյալ հարցաքննվելուց խոստովանել են կատարած հանցագործության կատարումը: Նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG