Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան․ Հասարակությունը լիիրավ է իմանալու, թե ինչու են պաշտոնյաները այդքան հաճախակի հեռանում


Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյան

Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ հեռանում է պաշտոնից՝ որևէ կերպ չմեկնաբանելով:

Երեկ Վարդապետյանը նաև «Ազատության» հարցերին չցանկացավ պատասխանել: Իսկ արդեն այսօր, նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ բարձր են գնահատում Վարդապետյանի պրոֆեսիոնալիզմն ու ներդրումը, հատկապես դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքներում:

«Խնդիրը պայմանավորված է բացառապես կառուցվածքային հնարավոր փոփոխություններով, որոնք ուղղված են լինելու նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն», - փոխանցեցին Արդարադատության նախարարությունից:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը տարակուսում է․ բարձր են գնահատում Վարդապետյանի պրոֆեսոինալիզմը, բայց աշխատանքից ազատո՞ւմ են․ - «Առաջին պարբերության պարագայում պիտի լինի որևէ պատրաստակամություն շարունակելու նրա հետ դատաիրավական բարեփոխումների գործընթացը: Հատկապես որ, ես կարծում եմ, Հայաստանում ամենակարևոր ճյուղերից մեկն է, որը եթե չկայանա, հեղափոխությունը ևս տանուլ ենք տալու: Եվ երկրորդ պարբերությունը այլևս գրելու կարիք չէր լինի: Կամ էլ պիտի առաջին պարբերության մեջ գրված լիներ, որ այդ ռազմավարությունն անհաջող է ստացվել և այն կիրառելի չէ, ուստիև տվյալ մասնագետի կարիքը մենք չենք զգում»:

Արդարադատության փոխնախարարի պաշտոնը շուրջ 8 ամիս զբաղեցրած Աննա Վարդապետյանին աշխատանքից ազատելու որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր անցած շաբաթվա վերջին:

Արդեն նախկին փոխնախարարի մասնագիտական գործունեությունը բարձր է գնահատում նաև իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ու զարմանում, թե ինչպես է ստացվում, որ դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման ամբողջ գործընթացում գլխավոր դերը ստանձնած մասնագետն այլևս նախարարությանը պետք չէ այդ նույն ռազմավարությունն կյանքի կոչելու ընթացքում․ - «Անընդհատ լսում ենք, որ հետհեղափոխական ժամանակահատվածում ունենք մասնագետների խնդիր: Շատ հաճախ վարչապետը բարձրաձայնում է, որ կառավարման համակարգում ցածր են աշխատավարձերը և լավ մասնագետները չեն ցանկանում ներգրավվել: Աննա Վարդապետյանը մի մասնագետ է, որը կարող է յուրաքանչյուր օտարերկրյա կազմակերպության իրավական ամբողջ գործընթացներում մասնակցել և ավելի բարձր աշխատավարձ ստանալ: Բայց նա ներգրավվել էր պետականաշինության գործում: Եվ նրա նման մասնագետներին չգնահատելը և չպահելը համակարգում, ես կարծում եմ, բավական թեթևամիտ մոտեցում է»:

Այսպիսով, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ունի երեք տեղակալ: Առաջին տեղակալը՝ Ռաֆիկ Գրիգորյանն այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասել է, որ նախարարության պաշտոնական պատասխանին ավելացնալու ոչինչ չունի:

Գրիգորյանը սակայն ընդգծել է, որ թեև կառուցվածքային փոփոխություններով է պայմանավորված Վարդապետյանի աշխատանքից ազատումը, բայց չի էլ բացառել, որ նոր փոխնախարար կարող է աշխատանքի ընդունվել․ - «Կառուցվածքային փոփոխությունները տարբեր են լինում, այդ թվում՝ վերակազմակերպման ձևով»:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Գրիգորյանը հավելել է, որ այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնցով զբաղվում էր Աննա Վարդապետյանը, բաշխվելու են մյուս փոխնախարարների միջև․ - «Այսօր, օրինակ, Աննա Վարդապետյանը Ազգային ժողովի նիստում կար, Սրբուհի Գալյանն է արդեն ներկայացնելու այդ նախագծերը»:

Նախորդ ամիս վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվեցին ոստիկանության հնաբնակներից Հովհաննես Քոչարյանը, Անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության երկարամյա պետ Գրիգորի Հայրապետովը, ավելի վաղ՝ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ու ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Հրաժարական տվեցին նորանշանակ պաշտոնյաներ՝ Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը, Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Հեղափոխությունից հետո առաջինը դատարանի առաջ կանգնեց քաղաքական նոր թիմի անդամներից Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

Հատկապես աշխատանքից ազատված պաշտոնյաների պարագայում Զարուհի Հովհաննիսյանը մեկ մտահոգություն է տեսնում՝ այդպես էլ չստացանք պաշտոնական հիմնավոր բացատրություն․ - «Հասարակությունն ինքն է իր հարկերից աշխատավարձ տալիս տվյալ պաշտոնյաներին և լիիրավ է իմանալու, թե ինչ պատճառաբանությամբ և ինչու են այդ պաշտոնյաները այդքան հաճախակի հեռանում»:

Շարունակվող պաշտոնանկություններից ու հրաժարականներից հետո էլ սակայն, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կադրերի արտահոսքի խնդիր չի տեսնում:

«Ազատության» հարցին, թե ինչու աշխատանքից ազատվեց Վարդապետյանը, Սիմոնյանը պատասխանում է․ - «Իրեն հարցրեք: Մարդիկ չեն կարող հավերժ պաշտոն զբաղեցնել»:

Սիմոնյանը շարունակեց․ - «Եթե դիտարկենք որպես արտահոսք, ապա պետք է հասկանանք, թե դեպի ուր է այդ արտահոսքը տեղի ունենում: Երկրորդը, պետք է հասկանանք, որ պետությունը դա մի մեծ օրգանիզմ է, որը ապրում է իր տարբեր փուլերը: Հետհեղափոխական փուլ ունեցանք, տնտեսական հեղափոխության փուլը, և ամեն փուլ միգուցե ինչ-որ ձևով ինչ-որ մարդկանց համար տարակածությունների և տեղափոխության հետ կապված խնդիր կարող է առաջանալ»:

XS
SM
MD
LG