Մատչելիության հղումներ

Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ Արևելյան Ուկրաինայում ստեղծված կացության շուրջ


Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Մինչև ընտրություններում հաղթելն ու Պուտինի հետ բանակցելը, 41-ամյա դերասանը նախ պետք է բանավիճի Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ։

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Արևելյան Ուկրաինայում ստեղծված կացության շուրջ:

Ընտրությունների առաջին փուլում քվեների 30 տոկոսը ստացած Զելենսկին այդ մասին հայտարարել է «Ուկրաինա» հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում:

«Գլխավոր նպատակը ոչ թե պարզապես պատերազմի դադարեցումն է, այլ առաջին քայլերը ձեռնարկելը` վերջ տալու փոխհրաձգություններին: Պատերազմը Ռուսաստանի հետ է, ուստի հարկավոր է բանակցել հենց Ռուսաստանի հետ: Պետք է Ռուսաստանի հետ բանակցային ձևաչափ ստեղծվի` Արևմուտքի ներկայացուցիչների մասնակցությամբ», - ասել է Զելենսկին, ում ընդդիմախոսները հաճախ են մեղադրում հարցազրույցներից և քաղաքական խնդիրների վերաբերյալ տեսակետ հայտնելուց խուսափելու մեջ:

Լրագրողի հարցին, թե պատրա՞ստ է Պուտինի հետ ուղիղ բանակցությունների, Ուկրաինայի նախագահի թեկնածուն պատասխանել է. - «Այո»։

Մինչև ընտրություններում հաղթելն ու Պուտինի հետ բանակցելը, օրենսդիր և գործադիր մարմիններում երբեք որևէ պաշտոն չզբաղեցրած 41-ամյա դերասանը նախ պետք է բանավիճի Ուկրաինայի գործող նախագահ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած Պետրո Պորոշենկոյի հետ: Դեբատի գաղափարը Զելենսկունն է: Ըստ ուկրաինական վերլուծական շրջանակների, դերասանը ավելի քան վստահ էր, որ իրենից երկու անգամ քիչ քվե ստացած Պորոշենկոն կհրաժարվի ընդունել Կիևի օլիմպիական մարզադաշտում բանավիճելու իր հրավերը: Բայց գործող նախագահը դրական արձագանքեց՝ համաձայնելով, սակայն, դեմ առ դեմ դուրս գալ ոչ թե ապրիլի 19-ին, ինչպես ցանկանում էր մրցակիցը, այլ ապրիլի 14-ին:

«Հաջորդ կիրակի, ես հանրապետական մարզադաշտում, հենց այնտեղ, որտեղ առաջարկում էր պարոն Զելենսկին, կսպասեմ բանավեճի անցկացմանը: Կարծում եմ, ժամը 19-ը կամ 20-ը ամենահարմար ժամն է», - երեկ հայտարարել է Պետրո Պորոշենկոն:

Ապրիլի 21-ին նախատեսված նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է բանավեճ անցկացնել 70 հազար տեղանոց մարզադաշտում՝ պայմանով, որ թեկնածուները բժշկական հետազոտություն պետք է անցնեն և ապացուցեն ժողովրդին, որ թմրամոլ ու ալկոհոլիկ չեն: Բացի այդ, դերասանը երկրի գործող նախագահից պահանջել է «հրապարակավ ասել, որ բանավեճը տեղի կունենա ոչ թե Կրեմլի կամ օլիգարխ Կոլոմոյսկու խամաճիկի, ոչ թե ոչնչության կամ ծաղրածուի, այլ Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու հետ:

«Մարզադաշտ ուրեմն մարզադաշտ, սպասում եմ ձեզ Վլադիմիր Ալեքսանդրովիչ», - պատասխանել է Պորոշենկոն, ով դերասանին դիտում է որպես իր քաղաքական թշնամին համարվող իսրայելական ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու նախագիծ:

Մինչ ուկրաինացի ընտրողները պատրաստվում են նախընտրական հերթական շոուին, երկրի ԿԸՀ-ի նախագահ Տատյանա Սլիպաչուկը հիշեցնում է, որ թեկնածուների միջև նախընտրական բանավեճի օրը, վայրը, ձևը ոչ թե իրենք թեկնածուներն են որոշում, բեմադրում, այլ գործող օրենքը: Ուկրաինայի ընտրական օրենսգրքի համաձայն՝ բանավեճի անցկացման վայրը ոչ թե մարզադաշտն է, այլ հեռուստաընկերությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG