Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանը այսօր ներկա է դատական նիստին


Գեներալ Մանվել Գրիգորյանը դատական նիստի ժամանակ, Երևան, 12-ը նոյեմբերի, 2019թ․
Գեներալ Մանվել Գրիգորյանը դատական նիստի ժամանակ, Երևան, 12-ը նոյեմբերի, 2019թ․

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը այսօր ներկա է իր գործով դատական նիստին:

Դատարանի դահլիճում ներկաները՝ գեներալի հարազատները, աջակիցները, նրան ողջունեցին «առողջություն զորավարին» վանկարկումներով և ծափերով:

Գրիգորյանը մի քանի ամիս էր՝ վատառողջ լինելու պատճառաբանությամբ դատարան չէր ներկայանում, տասնյակից ավելի դատական նիստեր անցել են նրա բացակայությամբ:

Ծանր հոդվածներով մեղադրվող գեներալի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու հերթական միջնորդությունը մեկ շաբաթ առաջ մերժվեց։

63-ամյա Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է այս տարվա հունվարից, նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Գեներալի կինը՝ Նազիկ Ամիրյանը, նույն գործով մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ:

XS
SM
MD
LG