Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժվեց


Մանվել Գրիգորյանը դատարանում, արխիվ

Ծանր հոդվածներով մեղադրվող, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունն այսօր կրկին մերժվեց նույն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Պաշտպանական կողմը հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կալանքը կրելու ընթացքում վատթարացել է, նրան հնարավորություն չի տրվել արդյունավետ բուժվել, իրենք հայցում են, որ Գրիգորյանը կարողանա արդյունավետ բուժվել և ներկայանա դատարան։

Մեղադրող կողմը, սակայն, ասաց, որ այս դեպքում գրավը չի կարող բավարար երաշխիք լինել՝ անձի պատշաճ վարքագիծն ապահովելու համար։ Դատախազ Հայկ Պետրոսյանի պնդմամբ՝ ամբաստանյալը կարող է ազդել գործով վկաների վրա։

«Այն փաստը, որ մենք նախաքննության ժամանակ հիմնավորել էինք, որ ամբաստանյալը կարող է ազդեցություն ունենալ գործով վկաների վրա, բազմիցս փաստարկվել և ստուգվել է, այդ թվում՝ համապատասխան վերադաս ատյանների կողմից։ Տվյալ միջնորդությունը դատավարման այս փուլում բավարարման ենթակա չէ», - հայտարարեց Պետրոսյանը։

Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ով մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ, այսօր դատարանում հարցրեց՝ անցած տարի, երբ Գրիգորյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել, արդյո՞ք մեղադրող կողմը ստացել էր որևէ բողոք, որ ամուսինը ոչ պատշաճ պահվածք է դրսևորել։

«Բացահայտ հայտարարում եմ նաև, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն այս ամբողջ ընթացքում վատթարացել է, կապ չունի՝ նա եղել է կալանավայրում, թե հիվանդանոցում»,- հայտարարեց Նազիկ Ամիրյանը։

Ըստ նրա, ընտրված հիվանդանոցում էլ եթե անձի շարժվելու իրավունքը սահմանափակված է, մաքուր օդ չկա, կալանավայրի սենյակից որևէ տարբերություն չկա։ «Այսօր բժիշկները քննարկում էին, ասում էին՝ միգուցե, բերենք, տրինաժոր դնենք սենյակում, որ կարողանա քայլել, որ ոտքերը լրիվ ետ չգնան»,- պատմեց Գրիգորյանի կինը։

Մանվել Գրիգորյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը նախորդ շաբաթ եզրակացրել էր, որ գեներալի առողջական վիճակը չի խոչընդոտում, որ ներկա լինի դատական նիստերին։ Ըստ եզրակացության, Գրիգորյանի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ։

Արդեն մի քանի ամիս շարունակ քաղաքացիական հիվանդանոցում գտնվող Մանվել Գիգորյանն այսօրվա նիստին ևս չէր ներկայացել՝ կրկին պատճառաբանելով առողջական վատ վիճակը:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր հրապարակեց նաև Մանվել Գրիգորյանից ստացած գրությունը, որտեղ նշված էր, որ ԱԺ նախկին պատգամավորն իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, 109 միավոր անշարժ գույքը փոխանցում է դատարանի դեպոզիտ հաշվին։

63-ամյա Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է այս տարվա հունվարից, նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

XS
SM
MD
LG