Մատչելիության հղումներ

Կայուն են այն երկրները, որտեղ դատական համակարգը կայուն է, շեշտում է Հայաստանի նախագահը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Երբ խոսում ենք պետական կառույցի, պետության, ազգային պետության ամրության և նրա կայունության մասին, ապա դրա հիմնասյուներից մեկը դատական համակարգն է: Այն երկրները, որտեղ դատական համակարգը, որպես ամբողջություն, կայուն է, վստահելի է, անկախ է, այդ երկրներն իսկապես կայուն են: Այս մասին հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը երեքշաբթի օրը նախագահականում Երևանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանների նորանշանակ դատավորների երդման արարողության ժամանակ։

«Դուք շատ բարձր պարտականություն եք ստանձնում: Պատասխանատվությունն այսօր շատ ավելի բարձր է, քանի որ մեր հանրության մեջ դատական համակարգի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ», - ընդգծել է նախագահը:

Նշելով, որ ամուր և առողջ դատական համակարգի շնորհիվ շատ երկրներ կարողացել են իրենց դժվարություններին ու խնդիրներին սահուն կերպով լուծում գտնել, Արմեն Սարգսյանը շարունակել է․ - «Ձեր և մեր բոլորիս խնդիրն է, որ մեր երկիրը դառնա իսկապես ոչ միայն ժողովրդավար, ոչ միայն ժամանակակից, այլև, նախ և առաջ, կայուն երկիր: Եվ այդ կայունության զգացողությունը քաղաքացին ստանում է դատարանի հետ շփվելիս: Որքան դատարանն անկանխատեսելի է, որքան թափանցիկ չէ, որքան ժամանակի իմաստով իրեն տրված գործառույթը չի ապահովում, այնքան անկայունություն ու անվստահություն է առաջացնում»:

«Խնդիրները բազմաթիվ են, կան կառուցվածքային խնդիրներ: Կան նույնիսկ խնդիրներ, որոնք գուցե սահմանադրական են կամ օրենքների հետ են կապված: Բայց երբ խոսում են դատարանի մասին, այն վերացական մարմին չէ: Դատարանն առաջին հերթին այն դատավորն է, որի հետ տվյալ քաղաքացին կամ կազմակերպությունը շփվում են: Դու՛ք եք արդարադատության դեմքը, և, հետևաբար, տարբերվում եք ձեր առջև դրված պահանջներով, այն է՝ ապահովել անկախ, արդար և օրենքի տառին համապատասխան արդարադատություն», - նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ ասել է Արմեն Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG