Մատչելիության հղումներ

ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել


Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյան

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Հայկ Հովհաննիսյանը, ով առավոտյան հրաժարականի դիմում էր ներկայացրել, խորհրդի այսօրվա նիստում դիմումը չի պնդել և կշարունակի պաշտոնավարել:

«Մանրամասն այսօր քննարկվեցին այդ խնդիրները՝ դատական բարեփոխումների առաջնահերթությունների հետ կապված, սկզբունքային տարաձայնությունները հաջողվեց հաղթահարել, և այն խոչընդոտները, որոնք առկա էին, հիմա վերացված են: Ես շարունակելու եմ պաշտոնավարել և իմ աշխատանքը կատարել», - ասաց Հովհաննիսյանը:

Առավոտյան տարածած հայտարարության մեջ Հայկ Հովհաննիսյանը նշել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունն «չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին», որ «դատական բարեփոխումները պետք է իրականացվեն հրատապ և արդյունավետ կարգով», սակայն սակայն իր առաջ քաշած գաղափարներն և ծրագրերը ԲԴԽ-ում չեն կարևորվում:

Հրաժարականի մասին դիմումում Հայկ Հովհաննիսյանը խնդրել է իր լիազորությունների դադարման հարցը քննարկել իր բացակայությամբ, սակայն այսօր օրվա երկրորդ կեսին կայացած նիստին խորհրդի անդամների հորդորով նա այնուամենայնիվ մասնակցել է:

«Երկու ժամ տևած քննարկումների արդյունքում, հաշվի առնելով, որ դատական համակարգի արմատական բարեփոխումների հարցում հիմնական տեսակետների շուրջ չկան էական տարաձայնություններ, ԲԴԽ անդամների հորդորով Հովհաննիսյանը չի պնդել իր դիմումը», - ասված է խորհրդի տարածած հայտարարությունում։

Հայկ Հովհաննիսյանն ասաց, որ ավելի մանրամասն իր տեսակետը կներկայացնի հաղորդագրությունում, որ կհրապարակի ավելի ուշ:

«Ազատության» հարցին, թե որոնք էին այն առանցքային տարաձայնությունները, որոնք հաջողվեց հաղթել, Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Դրանք մի շարք խնդիրներ են: Առաջնահերթություններն են, թե ինչպես պետք է դատական մարմինների բարեփոխումը տեղի ունենա․ ասենք, էլեկտրոնային արդարադատության հետ կապված խնդիրները, դրա ներդրման հետ կապված խնդիրները: Եվ առանցքային որոշակի հիմնաքարային որոշումներ, որոնց վրա ԲԴԽ-ում այժմ մենք աշխատում ենք, որոնք արդյունքում բերելու են հանրային վստահության բարձրացմանը: Որպեսզի դատարանները դառնան իրապես սոցիալապես պատասխանատու միջավայրեր: Առաջնահերթությունների խնդիր կար նաև, և աշխատանքների կազմակերպման: Հենց այն սկզբունքային խնդիրները, որը որ մեր հանրությունը բարձրացնում է՝ դատարանների հանդեպ ցածր հանրային վստահությունը, դրանց ոչ արդյունավետ աշխատանքը, այս բոլոր երևույթների հաղթահարմանը ուղղված աշխատանքների մասին է խոսքը․ ինչ ճանապարհով պիտի հասնենք սրան, և որոնք են առաջնահերթությունները, որոնք են քայլերը»:

Հարցին, թե ինչպես ստացվեց, որ տևական ժամանակ առկա տարաձայնությունները երկու ժամում հաջողվեց լուծել, Հայկ Հովհաննիսյանն արձագանքեց․ - «Ես Ձեզ հիմա կարող էի ասել ընդամենը այն, ինչ որ ասացի: Ես հիմա պետք է աշխատեմ իմ հաղորդագրության վրա: Հաղորդագրությունը հրապարակելուց հետո պատրաստ եմ առավել մանրամասն անդրադառնալ բոլոր հարցերին»:

Բարձրագույն դատական խորհուրդի մյուս անդամենրը ևս հաստատեցին՝ տարաձայնությունները աշխատակարգային էին, և ցանկացած կոլեգիալ մարմնում նման իրավիճակ կարող է լինել: Սակայն կարևոր է, որ քննարկման արդյունքում բոլորը եկան եզրակցության, որ անհամաձայնությունը սկզբունքային չէ:

«Ազատության» հարցին, թե արդյոք տարաձայնությունները վերաբերում էին նաև դատաիրավական համակարգի բարեփոխումներին, որի մասին խոսում էր վարչապետ Փաշինյանը, ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանը պատասխանեց․ - «Ոչ, դրա հետ կապված չէ»:

Խորհրդի մեկ այլ անդամ՝ Վիգեն Քոչարյանն ասաց․ - «Դժվար է ակնկալել, լինի երկու ժամում, կամ երկու օրում, կամ երկու ամսում, այդ խնդիրների լուծումները գտնելը, որովհետև երկու տասնամյակ այդ խնդիրները կուտակվել են: Եվ կարևորը այստեղ այն է, որ կա հստակ քաղաքական կամք, կա նաև տեսլական, թե ինչ ճանապարհով պետք է գնանք առաջ, որպեսզի համապատասխան լուծումները գտնենք»:

Հայկ Հովհաննիսյանը Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամներից է և ընտրվել է Ազգային ժողովի կողմից 2018 թվականի փետրվարի 28-ին՝ 3 տարի ժամկետով:

Բարձրագույն դատական խորհուրդը անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

XS
SM
MD
LG