Մատչելիության հղումներ

Այսօր հրաժարական ներկայացրած ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել


ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Բարձրագույն դատական խորհուրդը հայտնում է, որ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը շարունակելու է պաշտոնավարել։ Հովհաննիսյանն այսօր հրաժարական էր ներկայացրել ԲԴԽ անդամի պաշտոնից՝ նշելով, որ իր կողմից առաջ քաշված մի շարք գաղափարներ և ծրագրեր խորհրդում չեն կարևորում։

Ըստ ԲԴԽ-ի, այսօր նիստում քննարկվել է Հայկ Հովհաննիսյանի հրաժարականի հարցը։ Խորհրդի անդամների հորդորով նիստին մասնակցել է նաև Հովհաննիսյանը։ Շուրջ երկու ժամ քննարկվել են հրաժարականի պատճառները։

Դատական բարեփոխումների համատեքստում Հովհաննիսյանը ներկայացրել է այն ծրագրերն ու գաղափարները, որոնց, նրա կարծիքով, պետք է առաջնահերթություն տրվի։

Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել դատական մարմինների համակարգի բյուջետային պլանավորման, Դատական դեպարտամենտի աշխատանքների կազմակերպման խորքային վերափոխումների անհրաժեշտության, էլեկտրոնային արդարադատության ներդրմանը, գործերի` ըստ տեսակի և բարդության միջին ուղենիշային ժամկետների սահմանման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև դատավորների ներգրավվածության մեծացման և հանրության հետ նրանց շփումների կազմակերպման հարցերը։

Ծավալված ակտիվ քննարկումների արդյունքում խորհրդի նիստին ներկա բոլոր անդամները կարևորել են առաջ քաշված խնդիրների խորքային և առաջնային բնույթը։ Նշվել է, որ արդեն իսկ նախաձեռնված և պլանավորվող աշխատանքների բարեհաջող իրագործման համար կարևոր է, որպեսզի Հայկ Հովհաննիսյանը մնա և շարունակի խորհրդում իր աշխատանքներն իր գործընկերների հետ միասին։

Խորհրդի նիստին ներկա բոլոր անդամները հորդորել են իրենց գործընկերոջը չպնդել հրաժարականի դիմումը` ծավալված քննարկումների արդյունքում հաշվի առնելով, որ դատական համակարգի արմատական բարեփոխումների հարցում հիմնական տեսակետների շուրջ չկան էական տարաձայնություններ։

Հայկ Հովհաննիսյանը չի պնդել հրաժարականի դիմումը և շարունակում է պաշտոնավարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG