Որքան խորանա Մարտի 1-ի և այլ գործերի քննությունը, այդքան Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ու նրանց կողմնակիցների միջև հարաբերությունները կսրվեն: Այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը, ով «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման հյուրն էր:
Ստորև՝ հատված հարցազրույցից․
«Ազատություն»․ - Պարոն Բաղդասարյան, Դուք չե՞ք տեսնում՝ մի տեսակ ներթաքուն սահմանազատման գործընթաց է տեղի ունենում Հանրապետականի և Քոչարյանի միջև: Եթե նախկինում նրանք շատ ավելի ակտիվ էին քննադատում իշխանություններին, որ Քոչարյանը բանտում է, որ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդում է տեղի ունենում, հիմա կարծեք թե այնքան էլ ակտիվ չեն այդ պնդումները: Ի՞նչ կարող եք ասել:
Արմեն Բաղդասարյան․ - Ես կարող եմ ասել՝ որքան խորանա քննությունը, օրինակ՝ Մարտի 1-ի գործով, օրինակ՝ անցյալում կատարված այլ հանցագործությունների գործով, որքան ավելի խորանան պրոցեսները, այնքան Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ու նրանց կողմնակիցների միջև հարաբերությունները սրվելու են, որովհետև արդեն հարց է առաջանալու, թե նրանցից ով է ավելի մեծ պատասխանատվություն կրում կամ չի կրում, ում դերակատարումն էր ավելի փոքր: Այսինքն՝ օբյեկտիվորեն նրանք դառնալու են մրցակիցներ, և չի բացառվում անգամ, որ սկսեն միմյանց դեմ ինչ-որ փաստարկներ ներկայացնել:
«Ազատություն»․ - Նկատի ունեք՝ ցուցմունքներ տան:
Բաղդասարյան․ - Նկատի ունեմ և՛ ցուցմունքներ տալ, և՛ քարոզչական դաշտում պայքարել մեկը մյուսի դեմ, և՛ այն մանիպուլյացիաների դաշտում, որ փորձում են իրականացնել հանրային գիտակցության վրա ազդելով իրենց այդ անսահմանափակ քարոզչական ռեսուրսներով, կարծում եմ՝ այստեղ նույնպես ճեղքվածք կլինի, և արդեն նախանշանները կան:
«Կիրակնօրյա վերլուծականի» նոյեմբերի 10-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․