Մատչելիության հղումներ

Լավրովը ժամանեց Երևան


Սերգեյ Լավրովը Երևանում, արխիվ
Սերգեյ Լավրովը Երևանում, արխիվ

Թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ՝ այսօր, Հայաստան ժամանեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, երկօրյա պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում են Լավրովի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, ինչպես նաև այց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ:

Նշված է նաև, որ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները կմասնակցեն «Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը», բացի այդ ռուսաստանցի հյուրը զրույց-քննարկում կունենա Դիվանագիտական դպրոցի սաների և Հայաստանի տարբեր բուհերի ուսանողների հետ:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով` թե՛ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օրերս կատարած հայաստանյան այցը, որն, ի դեպ, դարձյալ առաջինն էր թավշյա հեղափոխությունից հետո, թե՛ Լավրովի այս այցը վկայում են, որ հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ զարգանում են, և անհիմն էին այդ դատողությունները, որ հայաստանյան հեղափոխությունը կարող է վնասել Կրեմլի հետ հարաբերություններին:

«Նախկին երկու նախագահների կողմնակիցները ջանք ու եռանդ չեն խնայել այս մեկուկես տարվա ընթացքում թունավորելու համար հայ-ռուսական հարաբերությունները՝ փորձելով այդ հարաբերություններում գործոն դարձնել Ռոբերտ Քոչարյանի և նաև նախկին իշխանության այլ ներկայացուցիչների դեմ հարուցված քրեական գործերը՝ հասնելու համար ինդուրգենցիայի։ Բայց, ակնհայտորեն Հայաստանի իշխանություններն անդրդվելի մնացին իրենց դիրքորոշումներում, որևէ այլ քայլ չիրականացրին, իսկ Ռուսաստանի այն շրջանակները, որոնք հույս էին փայփայում, որ այս մեկուկես տարվա ընթացքում կկարողանան խլել Նիկոլ Փաշինյանի ձեռքից իշխանությունը, նույնպես տապալվեցին մի քանի կոնտրհեղափոխական դիրքերում, և այժմ Ռուսաստանին ոչինչ չի մնում, քան կառուցել իր հարաբերությունները Հայաստանի հետ, որովհետև ՌԴ-ի համար արժեք ներկայացնում են ոչ թե Հայաստանի իշխանությունները, որևէ շրջանի իշխանությունները, այլ Հայաստանի դիրքն ու վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ», - ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Լավրովի այցին ընդառաջ պաշտոնական հաղորդագրությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Լավրովը Երևանում քննարկելու է երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգը՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ ու ԱՊՀ գծով, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցներում ու հարթակներում արտաքին քաղաքական փոխգործակցությունը, ինչպես նաև նախատեսվում է ստորագրել Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների 2020-2021թթ․ ծրագիրը:

Բացի այդ, հաղորդագրությունն ընդգծում է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվ դերակատարությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում, այս հարցում կողմերին ցուցաբերվող աջակցությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, իսկ կարգավորման գործընթացը գտնվում է նախագահի ուշադրության կենտրոնում:

«Մեր խորին համոզմամբ, հակամարտությունը պետք է կարգավորվի միայն քաղաքա-դիվանագիտական և կողմերի միջև երկխոսության ճանապարհով: Կարծում ենք, որ քաղաքական կամքի առկայության դեպքում դիվանագիտական ջանքերը վաղ թե ուշ թույլ կտան առաջընթաց արձանագրել և հասնել փոխզիջման», - ասված է հաղորդագրության մեջ:

Այցին ընդառաջ Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել նաև «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը․ «Երևանի վարած արտաքին քաղաքականությունը կրում է հավասարակշռված, պատասխանատու բնույթ: Բազմակողմանի հարաբերությունների պարագայում օբյեկտիվորեն կարող են առաջանալ որոշակի հարցեր, որոնց վերաբերյալ ի հայտ են գալիս տարընթերցումներ: Գլխավորը, որ մենք հայ ընկերների հետ միասնական ենք դրանք կառուցողական ճանապարհով լուծելու, փոխընդունելի լուծումների հասնելու անհրաժեշտության մեջ», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

XS
SM
MD
LG