Մատչելիության հղումներ

«Ղարաբաղյան խնդրի կարգավորումը գտնվում է Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում»


Ռուսաստանի արտգործնախարարության շենքը, արխիվ

Ռուսաստանը շարունակում է ակտիվ դերակատարությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում, այս հարցում կողմերին ցուցաբերվող աջակցությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, հայտարարել է այդ երկրի Արտգործնախարարությունը, հավելելով՝ կարգավորման գործընթացը գտնվում է նախագահի ուշադրության կենտրոնում:

«Մեր խորին համոզմամբ, հակամարտությունը պետք է կարգավորվի միայն քաղաքա-դիվանագիտական և կողմերի միջև երկխոսության ճանապարհով: Կարծում ենք, որ քաղաքական կամքի առկայության դեպքում դիվանագիտական ջանքերը վաղ թե ուշ թույլ կտան առաջընթաց արձանագրել և հասնել փոխզիջման», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը, ընդգծելով, որ կշարունակի ակտիվորեն աջակցել կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբում, ինչպես նաև ազգամիջյան հարթակում՝ հաշվի առնելով սերտ կապերը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ:

Պաշտոնական հայտարարությունը տարածվել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ վաղը Հայաստան կատարելիք այցի նախօրեին:

«Երևանի վարած արտաքին քաղաքականությունը կրում է հավասարակշռված, պատասխանատու բնույթ», - «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Լավրովը, հավելելով՝ «բազմակողմանի հարաբերությունների պարագայում օբյեկտիվորեն կարող են առաջանալ որոշակի հարցեր, որոնց վերաբերյալ ի հայտ են գալիս տարընթերցումներ: Գլխավորը, որ մենք հայ ընկերների հետ միասնական ենք դրանք կառուցողական ճանապարհով լուծելու, փոխընդունելի լուծումների հասնելու անհրաժեշտության մեջ»:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, երկօրյա այցի ընթացքում Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարարի հետ կքննարկի ղարաբաղյան խնդրի կարգավորումը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ գծով համագործակցությանը և միջազգային կառույցներում փոխազդեցությանը վերաբերող հարցեր:

Ռուսաստանի արտգործնախարարը հանդիպումներ կունենա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG