Թբիլիսիում աջ ծայրահեղական հարյուրավոր ակտիվիստներ բախվել են ոստիկանության հետ, երբ փորձել են խափանել միասեռականների մասին պատմող ֆիլմի պրեմիերան:
Ցուցարարները փակել են «Ամիրանի» կինոթատրոնի մուտքը «ամոթ, ամոթ» վանկարկումներով, ապա այրել սեռական փոքրամասնությունների խորհրդանիշ-դրոշը, քարեր նետել կինոթատրոն մտնողների ուղղությամբ: Երիտասարդ մի կին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության հաղորդմամբ, ավելի քան երկու տասնյակ մարդ ձերբակալվել է:
Աղմկահարույց «Իսկ մենք հետո պարեցինք» ֆիլմը նկարահանել է Շվեդիայում բնակվող վրացի ռեժիսոր Լևան Ակինը, այն պատմում է Վրաստանի ազգային բալետի թատրոնի երկու զուգընկերների սիրո մասին: Միջազգային պրեմիերան տեղի է ունեցել անցած մայիսին՝ Կաննի փառատոնում, Շվեդիան այն ներկայացրել է Օսկարի՝ լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում: