Մատչելիության հղումներ

Միասեռականների մասին պատմող «Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմը Վրաստանում մեծ աղմուկ է բարձրացրել


Վրաստանում մեծ աղմուկ է բարձրացրել միասեռականների մասին պատմող վրացի ռեժիսորի ֆիլմը, որի առաջին ցուցադրությունը Թբիլիսիի և Բաթումիի կինոթատրոններում այսօր է:

Թբիլիսիի «Ամիրիանի» կինոթատրոնի մոտ ու հարակից տարածքներում ոստիկանական ուժեր են կենտրոնացված, մուտքի մոտ ոստիկանները միջանցք էին բացել հանդիսատեսի համար: «Ապոլո» կինոդահլիճի մոտ նույնպես ավտոբուսներով ոստիկանական ուժեր են բերվել, ավտոկայանատեղին ժապավենով արգելափակված է:

Ֆիլմը կոչվում է «Իսկ հետո մենք պարեցինք»: Ռիժսորը Շվեդիայում բնակվող վրացի Լևան Ակինն է: Ֆիլմի սյուժեն՝ պարարվեստի ստուդիայում պարողներից մեկը սիրահարվում է իր զուգընկերոջը, ու նրա կյանքն ամբողջովին փոխվում է:

Վրաստանում ֆիլմի ցուցադրության դեմ բողոքել են «Վրացական մարշ» կազմակերպությունը, ազգայնականները, Վրաց ուղղափառ եկեղեցին, իսկ կառավարությունը, ոստիկանությունը հանձն է առել պաշտպանել բոլորի իրավունքները, ապահովել անվտանգությունը՝ հնարավոր սադրանքները, բռնությունները կանխելու համար:

«Ներքին գործերի նախարարության խնդիրներից մեկը մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն է՝ անկախ մարդու սեռից, դավանանքից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, քաղաքական համոզմունքներից ու այլ ցանկացած ուրիշ հանգամանքներից», - ֆիլմի պրեմիերայից ժամեր առաջ հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Ոստիկանությունը զգուշացրել է, որ ատելության հողի վրա հանցագործությունների արձագանքը կլինի խիստ և արդարացի: Ոստիկանների գործողությունները առաջին հերթին ուղղված կլինեն խտրականության ցանկացած ձևի դեմ և բոլոր քաղաքացիների ու իրավաբանական անձանց հավասար իրավունքների ապահովմանը: «Մենք ևս մեկ անգամ բոլորին կոչ ենք անում պահպանել օրենքի պահանջները, հակառակ դեպքում ոստիկանությունն իր մանդատի շրջանակում անհապաղ կկանխի ցանկացած իրավախախտում», - հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Վրաստանի ազգային կինոկենտրոնը աջակցություն է հայտնել նկարահանող խմբին, ֆիլմը ցուցադրող կինոթատրոնների ղեկավարներին ու քաղաքացիներին և հոգևորականներին կոչ է արել չխոչընդոտել ֆիլմի ցուցադրությանը: Ֆիլմի ցուցադրությանը խոչընդոտել ցանկացողները, մասնավորապես՝ «Երեխաների իրավունքների պաշտպանության ընկերության» ղեկավար Գուրամ Պալավանդիշվիլին, նախկին պատգամավոր Դմիտրի Լորդկիպանիձեն ասել են, թե նոյեմբերի 8-ին, 9-ին ու 10-ին կշրջափակեն կինոթատրոնները, որպեսզի հանդիսատեսը ներս չմտնի, կանջատեն այդ շենքերի էլեկտրամատակարարումը:

Գործարար Լևան Վասաձեն տեսաուղերձով հայտարարել է, թե այդ ֆիլմը ամաչեցնում է վրացական մշակույթը ամբողջ աշխարհում: Ֆիլմին դեմ է «Սուխիշվիլի» ազգային բալետը: Վրաց եկեղեցին, պատրիարքարանը անընդունելի է համարել ֆիլմի ցուցադրությունը, բայց իրեն առանձնացրել է բռնության կոչերից:

«Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմի միջազգային պրեմիերան տեղի է ունեցել անցած մայիսին՝ Կաննի փառատոնում: Սեպտեմբերից ֆիլմը ցուցադրվում է Շվեդիայում ու մի շարք այլ երկրներում: Շվեդիան որոշել է վրացի կինոռեժիսորի ֆիլմը ներկայացնել Օսկար մրցանակի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG