Մատչելիության հղումներ

Ծաղկաձորի ճոպանուղին շահագործող ընկերության նախկին տնօրենը որպես մեղադրյալ է ներգրավվել չարաշահումների գործով


Ծաղկաձորի ճոպանուղին, արխիվ
Ծաղկաձորի ճոպանուղին, արխիվ

Ծաղկաձորի ճոպանուղու շահագործման ընթացքում թույլ տրված չարաշահումների
վերաբերյալ քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել շահագործող
ընկերության նախկին տնօրենը: Ա.Պ․-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, այսօր հաղորդում է Գլխավոր դատախազությունը:

Այս տարվա ապրիլին Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Ծաղկաձորի ճոպանուղու գործունեության և այն շահագործող ընկերությունների կողմից հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ իրականացված մեծածավալ ուսումնասիրության արդյունքում վարչության դատախազի կողմից որոշում էր կայացվել Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի՝ առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը, և 184-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, որը առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել, հատկանիշներով քրեական գործ հարուցելու և այն նախաքննություն կատարելու համար Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) քննչական վարչություն ուղարկելու մասին:

Իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, մասնավորապես, որ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությունը (ՀԱՕԿ) 2008 թվականի դեկտեմբերի 15-ին կնքված պայմանագրով ճոպանուղին հավատարմագրային կառավարման է հանձնել «Լ...» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Վերջինի կողմից 2008-2016-ին հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկներով պակաս են ցույց տրվել և իրավահարաբերության ձևավորման պահին գործած «Շահութահարկի մասին» օրենքով սահմանված կարգով չեն հաշվարկվել ծառայությունների մատուցումից ստացված հասույթները` 1 միլիարդ 985 միլիոն 273 հազար 178 դրամի չափով, հարկվող օբյեկտները (շահույթ) պակաս են ցույց տրվել 397 միլիոն 54 հազար 636 դրամի չափով, որից պակաս հաշվարկված շահութահարկի գումարը կազմում է 79 միլիոն 410 հազար 927դրամ: Իսկ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքով սահմանված կարգով չեն հաշվարկվել նաև պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարները, որոնք նույն ժամանակահատվածի համար կազմել են 397 միլիոն 54 հազար 636 դրամ: Արդյունքում` «Լ...» ՍՊԸ կողմից հարկերը չվճարելու պատճառով պետությանը պատճառվել է ընդհանուր 476 միլիոն 465 հազար 563 դրամի վնաս, փոխանցում է Դատախազությունը:

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի դատավարական ղեկավարման ներքո ՊԵԿ քննչական վարչությունում կատարվող նախաքննությամբ նոյեմբերի 8-ին որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավել 2008 թվականի դեկտեմբերից մինչև 2017-ի սեպտեմբեր «Լ...» ՍՊԸ տնօրենի պաշտոնն զբաղեցրած Ա.Պ.-ին: «Հիմնավորվել է, որ վերջինս առանձնապես խոշոր չափերով հարկը չվճարելու նպատակով հանձնարարել է ընկերության տոմսավաճառներին` հաճախորդների կողմից վճարված գումարների դիմաց հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն չտրամադրել, կամ տրամադրել հաճախորդի կողմից պահանջի դեպքում` խեղաթյուրելով ֆիսկալային հաշվետվությունների տվյալները: Արդյունքում` ընկերության կողմից 2008-2016թթ. հարկային մարմին ներկայացված շահութահարկի և ավելացված արժեքի հարկի հաշվարկներով պակաս են ցույց տրվել և չեն հաշվարկվել ծառայությունների մատուցումից իրացման ծավալները», - ասված է հաղորդագրությունում:

Բացի այդ, շարունակում է Գլխավոր դատախազությունը, ընկերության նախկին տնօրենը, չարաշահելով ՀԱՕԿ պատասխանատու անձանց վստահությունը, դիտավորությամբ վերջինին, որը հանդիսանում է «Լ...» ՍՊԸ 50 տոկոս մասնակիցը, պատճառել է առանձնապես խոշոր չափի՝ 79 միլիոն 410 հազար 927 դրամի գույքային վնաս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG