Մատչելիության հղումներ

Կրեմլն արդեն իսկ նախապատրաստվում է Պետդումայի 2021-ի ընտրություններին


Ռուսաստան - Կրեմլը և երկրորդ պլանում Պետդումայի շենքը Մոսկվայում, արխիվ

Պետդումայի ընտրությունները կայանալու են 2021 թվականի սեպտեմբերին, սակայն արդեն այսօր Կրեմլը ակտիվ նախապատրաստական աշխատանքներ է տանում այդ ընտրություններին ընդառաջ։

Դիտորդները պնդում են, որ այս ընտրությունները չափազանց կարևոր են Կրեմլի համար: Դուման մեծ դերակատարություն պետք է ունենա 2024 թվականի այսպես կոչված իշխանափոխությանը, երբ լրանա գործող նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահության չորորդ ժամկետը։ Սահմանադրությունը, հիշեցնենք, Պուտինին արգելում է 2024-ին մասնակցել ընտրություններին: Ինչ սցենար է օգտագործելու Կրեմլը Պուտինի իշխանությունը պահելու համար, դեռ հայտնի չէ, սակայն պարզ է, որ Պետդումայի դերակատարությունն այս պայմաններում մեծանում է։

Հուլիսին և օգոստոսին տեղի ունեցած մոսկովյան բողոքի ցույցերը ցույց տվեցին, որ հատկապես խոշոր քաղաքներում մեծ է թե՛ դժգոհության ալիքը, թե՛ իրենց լիբերալ համարող ընդդիմադիրների վարկանիշը։

Պետդումայի ընտրություններին ընդառաջ Կրեմլը մտադիր է ստեղծել լիբերալ կուսակցություն, այսօր հայտնել է «Բաց մեդիա»-ն՝ վկայակոչելով Կրեմլի իր աղբյուրները։ Նոր լիբերալ կուսակցությունն ստեղծվելու է արդեն գործող կուսակցություններից մեկի հիման վրա՝ այդ դեպքում նոր կուսակցությունը պարտավորված չի լինի ստորագրություններ ներկայացնել։ «Բաց մեդիա» կայքը հավելում է, թե Կրեմլում լիբերալ կուսակցության ստեղծմանը լուրջ են վերաբերվում, և կա երկու սցենար։ Մեկի համաձայն՝ նոր լիբերալ հարթակի հիմքում կարող է լինել միլիարդատեր Միխայիլ Պրոխորովի «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը։ Պրոխորովը Ղրիմի բռնակցումից հետո իր թիմակիցների հետ միասին հեռացել էր կուսակցությունից։ Նոր լիբերալ կուսակցությունը կամ դաշինքը կարող է ստեղծվել նաև բիզնես օմբուդսմեն Բորիս Տիտովի «Աճի կուսակցության» հիման վրա:

Կրեմլը այս տեղեկությունը դեռ չի մեկնաբանել։

Բացի այս, Պուտինի թիմը նախատեսում է որոշ փոփոխություններ անցկացնել Ընտրական օրենսգրքում՝ փոփոխություններ, որոնք կարող են հեշտացնել իշխանությունների հաղթանակը Դումայի ընտրություններում։ Միանգամից մի քանի աղբյուր գրել է, թե Կրեմլը նախ ցանկանում է վերադարձնել դաշինքի գաղափարը, որի արդյունքում ընտրություններին մասնակցելու իրավունք կունենան ոչ միայն քաղաքական կուսակցությունները, այլ նաև՝ դաշինքները, այդ թվում՝ կուսակցություն գումարած հասարակական շարժում դաշինքը։ Ընդդիմադիրների գործը բարդացնելու համար, նախատեսվում է անցողիկ շեմը դաշինքների համար սահմանել ավելի բարձր՝ 7 տոկոս, քան կուսակցություններինն է՝ 5 տոկոս։

Ձախ դաշտի առաջնորդ ընդդիմադիր Սերգեյ Ուդալցովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի իր բլոգում գրել է, թե սա հավանական սցենար է, որը թույլ կտա միավորել իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը և Պուտինի ակտիվ աջակցությունը վայելող, ռուսաստանցիների շրջանում ավելի մեծ ժողովրդականություն վայելող «Ազգային դաշտ» հասարակական կազմակերպությունը։ Սրան կարող է խոչընդոտել միայն ժամանակը։ Ընտրություններին երկու տարուց քիչ ժամանակ է մնացել, և դժվար է վերաձևավորել քաղաքական դաշտը, գրում է Ուդալցովը։

Այսօր ակտիվորեն քննարկվող մեկ այլ սցենարի համաձայն, իշխանությունները կարող են ձեռնարկել նաև փոփոխություններ Ընտրական օրենսգրքում՝ փոխելով Պետդումայի պատգամավորների թվի բալանսը։ Այսօր պատգամավորների կեսը՝ 225 հոգի, ընտրվում է համամասնական, մյուս կեսը՝ մեծամասնական ընտրակարգով: Բարեփոխումների տարբերակներից մեկի համաձայն, առաջարկվում է ավելացնել մեծամասնական մանդատների թիվը՝ հասցնելով 75 տոկոսի: Այս դեպքում իշխանությունները կկարողանան մոբիլիզացնել նշանավոր հասարակական գործիչների, բլոգերների, լրագրողների, մարզիկների, դերասանների, երաժիշտների։

Սակայն սրանք միայն հավանական սցենարներ են, որոնց մասին ակտիվ քննարկումներ են տեղի ունենում, այդ թվում նաև՝ Կրեմլում։ Ակնհայտ է որ իշխող «Եդինայա Ռոսիա»-ն այսօր չունի բավարար վարկանիշ ընտրություններին բարձր տոկոս ստանալու համար՝ նույնիսկ հաշվի առնելով վարչական ռեսուրսի լայն հնարավորությունը։ Իշխանությունն այսօր զբաղված է իշխող կուսակցության այսպես ասած «ռեբրենդինգով»։

Ի դեպ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, որի պաշտոնական ղեկավարը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է, նոյեմբերի 23-ին Մոսկվայում կազմակերպելու է Պետդումայի ընտրություններին նվիրված համագումար։ Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արդեն հաստատել է, որ Վլադիմիր Պուտինը համագումարի աշխատանքներին մասնակցելու է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG