Մատչելիության հղումներ

Մաշտոցի անվան Մատենադարանն ու Կեկելիձեի անվան գիտական ինստիտուտը համագործակցության հուշագիր ստորագրեցին


Թերևս քչերը գիտեն, որ դեռ 1958 թվականից Թբիլիսում Վրաստանի պետական թանգարանի ձեռագրերի բաժնի հիման վրա ստեղծվել է ակադեմիկոս Կորնելի Կեկելիձեի անունը կրող գիտական ինստիտուտ, որն այսօր պահպանում է ավելի քան 14 հազար ձեռագիր մատյան տարբեր լեզուներով, այդ թվում՝ հայերեն:

Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան ձեռագրատանը՝ Մատենադարանում երկու գիտական հաստատությունների միջև ստորագրվեց «Համագործակցության հուշագիր», որը Մատենադարանի և Թբիլիսիի ձեռագրատան տնօրենները պատմական կոչեցին:

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը մինչև արարողությունը «Ազատության» հետ հարցազրույցում շեշտեց, որ այս հուշագրի ստորագրումից հետո ակնկալվում է հրատարակությունների փոխանակություն, մասնագետների փոխանակում, ձեռագրական ժառանգության մատչելիություն երկու կողմերի համար․ - «Ամեն տեսակի համագործակցություն, որը նախկինում էլ է եղել, բայց հիմա արդեն նոր փուլ ենք սկսում: Հենց այս պահին ընթանում է մեր ունեցած վրացերեն ձեռագրերի նկարագրման աշխատանքները: Մենք հանձն են առել այդ ձեռագրացուցակի հրատարակությունը: Միաժամանակ Թբիլիսիում մենք ունենք 300-ից ավելի հայերեն ձեռագրեր, որոնք մինչև այժմ նկարագրված չեն: Դրանք պետք է նկարագրվեն, ուսումնասիրվեն, հրատարակվեն»:

Տեր-Ղևոնդյանն ասաց, որ Մատենադարանում կա մոտ 40 վրացական ձեռագիր:

Նա շեշտեց, որ փոխադարձաբար խրախուսվելու է հայագետների պատրաստումը Վրաստանում և վրացագետների պատրաստումը Հայաստանում․ - «Դա շատ կարևոր մի խնդիր է, որը այսօր մեզ համար կենսական նշանակություն ունի»:

Վրաց ձեռագրատան տնօրեն Զազա Աբաշիձեն հուշագրի ստորագրումից հետո շեշտեց, որ իրենք հրաշալի հարաբերություններ ունեն, բայց սա իրոք պատմական օր է, քանի որ մինչ այս երբեք համագործակցության նման հեռանկարներ չեն բացվել:

«Կարծում եմ, որ այս հուշագրի ստորագրումը համագործակցության մի նոր փուլի սկիզբ է ոչ միայն մեր փոխհարաբերությունների պատմության մեջ, այլև առհասարակ մշակույթի ու գիտության ասպարեզում հայ-վրացական փոխհարաբերություններում», - հավելեց Աբաշիձեն:

Նա հիշեցրեց, որ խորհրդային տարիներին Երևանից հետո հայագիտական ամենամեծ կենտրոնը գտնվում էր Թբիլիսիիում՝ Պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, որտեղ հրաշալի հայագետներ են աշխատել և այժմ էլ երիտասարդ սերնդի վրացի հայագետներ են աշխատում:

Արարողությանը ներկա էր նաև Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն: Հենց նրա շնորհիվ է հնարավոր դարձել կազմակերպել «Համագործակցության հուշագրի» ստորագրումը:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այս հուշագրի ստորագրումը ինչ հեռանկարներ կարող է բացել, դեսպան Գեորգի Սագանելիձեն ընդգծեց․ - «Մենք շատ կարևոր իրադարձության ականատեսը եղանք: Հուշագրի ստորագրումը նշանակում է, որ գիտական այս երկու հաստատությունների ղեկավարները պատրաստակամություն ու ցանկություն են հայտնում ակտիվացնել համատեղ գործունեությունը: Սա նաև լավ հնարավորություն է մեր գիտնականների համար փոխադարձաբար աշխատել թե՛ այստեղ, թե՛ Թբիլիսիիում, գիտական ուսումնասիրություններ կատարել, համապատասխանաբար հնարավորություն ստանալ աշխատել այն ձեռագրերի վրա, որոնք հատուկ կերպով են պահպանվում»:

Դեսպանը հավելեց, որ վրաց գիտնականները բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ են հրատարակում, և երեկ երեկոյան դեսպանատանը հրավիրված ընդունելության ժամանակ իրենք վրաց գիտնականների բազմաթիվ աշխատություններ են նվիրել Մատենադարանին և Երևանի պետական համալսարանին:

Այսօր էլ, ի թիվս այլ գրքերի, վրաց ձեռագրատան տնօրեն Զազա Աբաշիձեն Մատենադարանին նվիրեց Աստվածաշնչի 2000 էջանոց ակադեմիական հրատարակությունը, որի վրա վրաց գիտնականները աշխատել են ավելի քան 50 տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG