Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների մեծ մասը ցանկանում է, որ երկրում տեղի ունենան կտրուկ փոփոխություններ


«Քարնեգի» հիմնադրամի ու «Լևադա» կենտրոնի համատեղ անցկացրած հարցման համաձայն, այսօր ռուսաստանցիների մեծ մասը, շուրջ 59 տոկոսը ցանկանում է, որ երկրում տեղի ունենան կտրուկ փոփոխություններ, ընդ որում՝ վերջին երկու տարիներին այս ցուցանիշը բարձրացել է գրեթե 20 տոկոսով:

Հարցվածների 53 տոկոսի կարծիքով բարեփոխումները հնարավոր են միայն քաղաքական համակարգի լուրջ փոփոխությունների դեպքում: Ռուսաստանցիների 34 տոկոսը համարում է, որ փոփոխությունները հնարավոր է կատարել պահպանելով գործող քաղաքական համակարգը: Հարցվածների 31 տոկոսն էլ ասել է, թե անհրաժեշտ են թեթև փոփոխություններ, միայն 8 տոկոսի կարծիքով Ռուսաստանում փոփոխություններ պետք չեն:

Հարցումը վկայում է նաև, որ փոփոխություններ ամենից շատ չեն ուզում չինովնիկները, օլիգարխները և խոշոր գարծարարները: Հարցվածների միայն 14 տոկոսն է համարում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ի վիճակի է ներկայացնել բարեփոխումների արդյունավետ ծրագրի, Ռուսաստանցիների 10 տոկոսի կարծիքով բարեփոխումների ծրագիր կարող է առաջարկել Կոռուպցիայի դեմ հիմնադրամի ղեկավար, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին և նա զիջում է Պուտինին միայն 4 տոկոս: Թերևս առաջին անգամ, որ առանձին վերցրած հարցման համաձայն Նավլնին ստանում է նույն 10 տոկոսը ինչ և կոմունիստների առաջնորդը:

Սոցիոլոգները նկատում են, որ ռուսաստանցիների մի զգալի մասը փաստորեն սոցիալական խնդիրների կարգավորումը այսօր կապում է ոչ միայն կոմունիստների, այլ նաև կոշտ ընդդիմադիրների հետ: Հիմնական փոփոխությունները, որ անհրաժեշտ են ռուսաստանցիներին սոցիալական բնույթի են: Հարցվածների 24 տոկոսը համարում է, որ անհրաժեշտ է բարձրացնել աշխատավարձերն ու մարդկանց բարեկեցությունը: Ռուսաստանցիների 13 տոկոսը համարում է, թե Ռուսաստանին հարկավոր է իշխանափոխություն, այդ թվում նաև նախագահի փոփոխություն: Իսկ ահա արդար ընտրությունների և անկախ դատական համակարգի անհրաժեշտության մասին հիշել են հարցված ռուսաստանցիների միայն 9 և 8 տոկոսը:

Հասարակության առջև ծառացած առավել սուր խնդիրները ռուսաստանցիների կարծիքով գների բարձրացումն է, աղքատությունը, կոռուպցիան, աճող գործազրկությունը, բժշկական ծառայությունների անհասանելիությունը, հասարակության շերտավորումը, եկամուտների անարդար բաշխումը, ինչպես նաև էկոլոգիական խնդիրը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր այս հարցման արդյունքները մեկնաբանելիս ասել է․ «Փոփոխությունների ցանկությունը հասարակությունում միշտ էլ առկա է», - հավելելով, թե ծանոթ չէ հարցման արդյունքներին և չգիտի, թե ինչքանով են վստահելի այդ արդյունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG