Մատչելիության հղումներ

2019-ին ՀԴՄ կտրոններով առևտուրն աճել է մոտ 274 մլրդ դրամով. վարչապետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

«Այս տարվա տասը ամիսների տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է տպագրվել 97 միլիոն 858 հազար 593 ՀԴՄ կտրոն. աճը 38.3 տոկոս», - այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է նաև, որ այս կտրոններով արձանագրված առևտրի շրջանառությունն աճել է 273 միլիարդ 887 միլիոն դրամով, որը առևտրի ընդհանուր շրջանառության 21.8 տոկոսն է:

«Ստանում ենք բազմաթիվ ահազանգեր, որ շատ տեղերում շարունակվում է ՀԴՄ չտպելու արատավոր պրակտիկան: Ուզում եմ հիշեցնել, որ ՀԴՄ չտրամադրողը և ՀԴՄ չպահանջողը մասնակցում են մի գործընթացի, որով փաստացի գողացվում են զինվորի, ուսուցչի, թոշակառուի վիճակը բարելավելու համար նախատեսված ֆինանսական միջոցները»,- գրել է վարչապետը:

Ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ Փաշինյանը տեղեկացնում է, որ 2019-ի առաջին տասը ամիսների արդյունքներով տնտեսվարողներին վերադարձված ԱԱՀ-ն կազմել է 117 միլիարդ դրամ:

«2018 թվականի ամբողջ տարվա արդյունքներով՝ այս թիվը եղել է 97 միլիարդ: 2017-ի ամբողջ տարվա արդյունքներով՝ 54 միլիարդ: Այսինքն՝ 2019 թվականի 10 ամսվա արդյունքներով նախորդ տարիների տարեկան թիվը ավելի քան կրկնապատկել ենք, շուրջ 245 միլիոն դոլար շրջանառու միջոց վերադարձնելով տնտեսություն», - գրում է վարչապետը:

XS
SM
MD
LG