Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը կարճ զրույց է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ


Թուրքիայի հաղթանակի տոնին նվիրված հանդիսությունը Անկարայում՝ նախագահ Ռեջեփ Էրդողանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, Անկարա, 30-ը օգոստոսի, 2019թ․

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի հոգաբարձուների հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն մասնակցել են Թուրքիայի հաղթանակի տոնի առիթով մայրաքաղաք Անկարայում՝ նախագահական նստավայրում կազմակերպված ընդունելությանը:

«Ակօս» պարբերականի հաղորդմամբ, հայ համայնքի ներկայացուցիչները կարճ զրույց են ունեցել նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Նախագահը հետաքրքրվել է, թե ինչպես է ընթանում նոր պատրիարքի ընտրության նախապատրաստական գործընթացը: Մաշալյանն ու Շիրինօղլուն տեղեկացրել են, որ սպասում են ընտրության անցկացման համար համապատասխան կանոնադրությանը: Էրդողանի պահանջով ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, թե մեկ շաբաթվա ընթացքում փաստաթուղթը կուղարկվի պատրիարքարան: Արքեպիսկոպոս Մաշալյանը ընդհանուր առմամբ դրական է գնահատել այս հանդիպումը:

Հուլիսի 4-ին Պոլսո Հայոց պատրիարքարանում գումարված Եկեղեցական համագումարում պատրիարքական տեղապահ է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, ինչով պաշտոնապես մեկնարկել է Պոլսո աթոռի 85-րդ գահակալի ընտրության գործընթացը։

XS
SM
MD
LG