Մատչելիության հղումներ

Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ՝ «Արաբկիր» զբոսայգու հողամասերի տրամադրման գործընթացում. դատախազություն


ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել Երևան քաղաքի «Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում հողամասերի տրամադրման գործընթացում թույլ տրված կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ:

Ինչպես հայտնում են դատախազությունից, Երևանի քաղաքապետի 2003 թվականի մայիսի և նոյեմբերի, ինչպես նաև 2004 թվականի հուլիսի՝ թվով երեք որոշումներով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի և «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ ճանաչվել է պետական սեփականություն հանդիսացող և սահմանափակումների ցանկում ներառված հողամասերի շարքում ընդգրկված «Արաբկիր» զբոսայգու տարածքում տեղակայված մեկ սրճարանի, վերջինիս խորդանոցի, մեկ կրպակի և մեկ լուսանկարչատան նկատմամբ երեք քաղաքացիների սեփականության իրավունքը:

Բացի այդ, ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ 2011 թվականի հունիսին իրականացված լրացուցիչ չափագրումների հիման վրա քաղաքացու կողմից հողազավթման փաստն արձանագրվելուց հետո, այդ կապակցությամբ վարչական վարույթ հարուցելու և հետագա հողազավթումը դադարեցնելու փոխարեն, Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից 2013թ. և 2017թ. երկու անգամ կայացվել են հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետները երկարացնելու որոշումներ:

Երևանի քաղաքապետի 2017 թվականի փետրվարի 2-ի և 2018 թվականի մայիսի 1-ի որոշումներով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության եզրակացությունները, զբոսայգու տարածքում կառուցապատման իրավունքով մեկ դեպքում 2 անձի տրամադրվել են հողամասեր, իսկ մեկ այլ դեպքում՝ ՍՊԸ-ի հետ կնքվել է հողի վարձակալության պայմանագիր: Մինչդեռ այդ տարիների գլխավոր հատակագծի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված հողամասերում փաստացի առկա են եղել բազմաթիվ ինքնակամ շինություններ, որոնք չեն արձանագրվել վերոնշյալ եզրակացություններով:

Այնուհետև, չնայած ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում 2018 թվականի հունիսին հարուցված անշարժ գույքի նկատմամբ նշված ՍՊԸ-ի իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցվել է ընդլայնվող հողամասի հատակագծում շինություններ լինելու պատճառաբանությամբ, սակայն Կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձինք, առանց գրանցման համար անհրաժեշտ հողամասի հատակագծի առկայության, հաջորդ ամսվա ընթացքում կատարել են նշված ՍՊԸ-ին պատկանող այդ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը:

Դատախազության փոխանցմամբ՝ 2018-ի մարտին և ապրիլին «Արաբկիր» զբոսայգու տարածքում ապօրինի հողազավթման փաստը հայտնաբերելուց և այն կատարած անձանց վարչական տույժի ենթարկելուց հետո իրավախախտումը շարունակվելու պայմաններում իրավասու պաշտոնատար անձինք միջոցներ չեն ձեռնարկել այն դադարեցնելու ուղղությամբ, այն է՝ հողազավթում իրականացրած անձանց նկատմամբ կրկնակի վարչական տույժ չի նշանակվել, և հողազավթումը չի վերացվել։

Այսինքն՝ նյութերի նախապատրաստմամբ ձեռք են բերվել տվյալներ, ըստ որոնց Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, օրենսդրության պահանջների խախտմամբ, որոշակի շինությունների նկատմամբ ճանաչել են քաղաքացիների սեփականության իրավունքը, առանձին դեպքերում հողազավթման փաստերը արձանագրելուց հետո չեն դադարեցրել այն, այդ կապակցությամբ համապատասխան վարչական վարույթներ չեն իրականացրել, առանձին դեպքերում կայացված որոշումներով անուղղակիորեն թույլատրել են զավթված հողամասերի օգտագործումը։ Իսկ առանձին դեպքում Երևանի քաղաքապետարանի և ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձինք պաշտոնական փաստաթղթերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ և պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ խախտել են օրենսդրության պահանջները՝ հողամասն ապօրինաբար տրամադրելով իրավաբանական անձին և կատարելով գույքի նկատմամբ պետական գրանցում: Վերոնշյալ գործողություններով էական վնաս է պատճառվել հասարակության և պետության օրինական շահերին:

Ելնելով վերոգրյալից Երևան քաղաքի դատախազությունում նշված փաստերի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 314-րդ հոդվածի 1-ին մասի՝ պաշտոնական կեղծիքի և 315-րդ հոդվածի 1-ին մասի՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և դրա հետևանքները չվերացնելու, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելու և անօրինական կառույցները չքանդելու հատկանիշներով։

Քրեական գործը ուղարկվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG