Մատչելիության հղումներ

Վերացվել է Արսեն Բաբայանի՝ մերձավորների հետ տեսակցության արգելքը․ ՀՔԾ


ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայան, արխիվ

Վարույթն իրականացնող մարմինը վերացրել է կալանքի տակ գտնվող ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի՝ մերձավորների հետ տեսակցության արգելքը։ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) խոսնակ Մարինա Օհանջանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Բաբայանն այսուհետ կարող է տեսակցել իր երեխաներին՝ կնոջ ուղեկցությամբ։

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը մեղադրվում է իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Դատարանն անցած շաբաթ բավարարեց Արսեն Բաբայանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը երեկ լրագրողների հետ զրույցում դիտարկմանը, թե արգելվել է Բաբայանի շփումը անգամ անչափահաս երեխաների հետ, արձագանքել էր․ - «Ես նման տեղեկատվություն չունեմ, որ արգելվել է նրա շփումը անչափահաս երեխաների հետ: Եթե նման թյուրիմացություն եղել է, այդ թյուրիմացությունը կշտկվի»:

XS
SM
MD
LG