Մատչելիության հղումներ

Համոզված ենք, որ բանաձևի ընդունումը կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության ապահովմանը․ Արցախի ԱԳՆ


Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը։

«Խորին երախտագիտություն ենք հայտնում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆին և Գուս Բիլիրակիսին` բանաձևը հեղինակելու և ներկայացնելու համար, ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբին՝ բանաձևին սատարելու և դրա ընդունմանն ուղղված հետևողական ջանքերի համար, ինչպես նաև՝ բանաձևը սատարած բոլոր կոնգրեսականներին։ Շնորհավորում ենք և խորապես շնորհակալ ենք Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին և Ամերիկայի հայկական համագումարին կոնգրեսականների հետ համակարգված աշխատանքի համար և բոլոր նրանց, ում հետևողական ջանքերը հանգեցրեցին այս պատմական որոշման՝ ճնշող մեծամասնությամբ ընդունմանը», - ասված է հայտարարությունում:

«Այս բանաձևի ընդունումը կարևոր քայլ է՝ միտված 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ժխտելու Թուրքիայի կողմից ձեռնարկվող փորձերի խափանմանը և մեծ ներդրում՝ նման հանցագործությունների կանխմանն ուղղված համընդհանուր պայքարում։

Համոզված ենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ 1915-1923 թթ․ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևն ունի ոչ միայն բարոյական, այլ նաև կիրառական նշանակություն. այն կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը», - հայտարարում է Արցախի արտգործնախարարությունը։

XS
SM
MD
LG