Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հետ


Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոնակոյում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հանդիպել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ:

Մնացականյանը գոհունակությամբ նշել է, որ նախարարական այս համաժողովը ևս մեկ պատեհ առիթ է՝ հանդիպելու Ֆրանկոֆոն մեծ ընտանիքին, քննարկելու Կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները և ուղենշելու համագործակցության հեռանկարները:

Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ զրուցակիցներն անդրադարձել են Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովի և համաժողովի թեմայի՝ «Հաշտեցնել մարդկությանը և մոլորակին. հեռանկարներ ֆրանկոֆոն տարածքում ՖՄԿ 50-ամյակի նախօրեին» խորհրդին՝ ընդգծելով վերջինի արդիականությունը ֆրանկոֆոն ընտանիքի համար:

Երկուստեք կարևորվել է ՖՄԿ-ի՝ որպես կառույցի դերի և կշռի ամրապնդման և միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Հայաստանի արտգործնախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը «Ապրել միասին»-ի հիմքում ընկած խաղաղության, համերաշխության, երկխոսության մշակույթի, հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի սկզբունքներին և պատրաստակամությունը՝ հետևողականորեն շարունակելու իր ավանդն ունենալ Կազմակերպության արդիականացմանն ու դրա միջազգային դերի առավել ամրապնդմանն ուղղված գլխավոր քարտուղարի և անդամ պետությունների կողմից գործադրվող ջանքերին:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ՖՄԿ-ի հիսունամյա հոբելյանի կապակցությամբ նախատեսվող միջոցառումների շուրջ, ինչպես նաև քննարկել են միջազգային հարթակներում իրականացվելիք գործողություններն՝ ուղղված բիզնեսի, մշակույթի և այլ բնագավառներում համագործակցությանը։

Որպես կազմակերպության առաջնահերթություն ընդգծվել է նաև երիտասարդության առավել լայն ներգրավվածությանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը, կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հնարավորությունների խթանումը, բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտների զարգացմամբ տնտեսության խթանումը՝ ուղենշելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG