Մատչելիության հղումներ

«Ժամանակն է, որ իրոք Ջհանգիրյանը ասի, թե «Հոկտեմբերի 27»-ին ինչ ա կատարվել»․ Սասուն Միքայելյան


«Եկել է խոսելու ժամանակը», - այսօր՝ «հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության 20-րդ տարելիցին «Եռաբլուրում» հայտարարեցին Երկրապահ կամավորական միության անդամները։

ԵԿՄ գործող նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հատուկ դիմեց «Հոկտեմբերի 27» գործի քննության ընթացքում զինվորական դատախազ աշխատած Գագիկ Ջհանգիրյանին, ով 2008 թվականին, հեռանալով իշխանությունից, միացել էր Լևոն Տեր֊Պետրոսյանի առաջնորդած շարժմանը․ - «Էն ժամանակ ինքն ասավ, որ պետք է հայտարարություն անի, հետո պարզվավ, որ Ռոբերտ Քոչարյանի ինչ-որ գրությամբ ինքը հայտարարություն չարեց հոկտեմբերի 27-ի հետ կապված։ Էսօ՞ր էլ, 20 տարի հետո՞ էլ պետք է լռենք, եղբայր։ Ժամանակն է, որ իրոք Ջհանգիրյանը ասի, թե ինչ ա կատարվել»։

1999 թվականի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը նկատում է՝ հոկտեմբերի 27 ֊ի գործը բաժանված է երկու մասի և գաղտնի մասով քննության ընթացքն ու արդյունքը հանրությանը հայտնի չեն և գործող իշխանությունը, որպես բացահայտմանն ուղղված քայլ, պետք է դրանք հասանելի դարձնի կողմերի համար․ - «Ինչ վերաբերում է իր ցուցմունքներին, այստեղ ցուցմունքները պետք է բաժանել երկու փուլի՝ մինչև մայիսի 2-ը և դրանից հետո։ Մինչև մայիսի 2-ը, Նայիրի Հունանյանը ցուցմունք է տալիս, և այդտեղից պարզ էր դառնում, որ կան կազմակերպիչներ։ Մայիսի 2-ից ուղղությունը ինքը փոխել ա և վերցրել ա ամբողջովին իրա վրա»։

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում էր նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով ոճրագործության բացահայտմանը վերաբերող հարցին ի պատասխան նկատում է՝ «Հոկտեմբերի 27»֊ի ահաբեկչության համար 6 անձ, այդ թվում խմբավորման պարագլուխ Նաիրի Հունանյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել:

«Ինչ-որ անձինք, որոնք ուղղորդել են՝ ես կարծում եմ, որ ժամանակի խնդիր է և հնարավոր չի, որ չբացահայտվի», - համոզմունք հայտնեց Տոնոյանը։

Իշխանության ներկայացուցիչները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Հոկտեմբերի 27»֊ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին Ազգային ժողովում՝«Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ: Վարչապետը հրապարակային ելույթով հանդես չեկավ, չպատասխանեց նաև լրագրողների հարցերին:

Հոկտեմբերի 27֊ի ահաբեկչությանը զոհ դարձած ԱԺ փոխնախագահ Յուրի Բախյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, գործող իշխանությունների կողմից «Հոկտեմբերի 27»-ի բացահայտմանն ուղղված քայլեր չի տեսնում, ավելին՝ ասում է նույնիսկ վերաբերմունքի փոփոխություն չկա։ - «Էս ծաղիկ դնելը քսան տարի է՝ կա։ Ոչ մի նոր բան չկար էստեղ։ Ոչ մի։ Պետք է հստակ հնչեր մի պաշտոնական, խիստ ուղերձ, որ «Հոկտեմբերի 27»-ի տուժողը Հայաստանի Հանրապետությունն է, և ոչ միայն ընտանիքները։ Եվ ասին, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես տուժող, պիտի ամեն ինչ անի, որ այլևս այպիսի ողբերգություն չլինի երկրում, որովհետև նմանություններ այն ժամանակվա և այս ժամանակվա միջև անձամբ ես տեսնում եմ»։

Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը ասում է՝ բազմաթիվ նոր ի հայտ եկած հանգամանքներ կան, որոնք կարող են «Հոկտեմբերի 27»֊ի գործի վերաբացման հիմք հանդիսանալ։ Ավելին՝ ասում է ինքը ևս նման հանգամանքներ գիտի, որոնց մասին կբարձրաձայնի միայն անհրաժեշտության դեպքում: Պնդում է՝ Նաիրի Հունանյանը ևս շատ ասելիք ունի և այդ մասին մեկ անգամ չէ, որ ակնարկել է։ - «Ինքը ասելիք ունի և իրեն լռեցնում են», - ասում է Արմեն Սարգսյանը։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կիսում է Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի այն կարծիքը, որ այսօրվա իրավական և դատական համակարգը պատրաստ չէ այնպիսի լուրջ գործի քննության և բացահայտման՝ ինչպիսին «Հոկտեմբերի 27»֊ն է:

«Ես կարծում եմ՝ դա կարող է լինել մի այնպիսի փուլում, երբ որ մենք բոլորս վստահ կլինենք, որ ցանկացած գործընթաց որևէ ձևով չի կարող քաղաքականացվել։ Հիմա Քեննեդիի սպանության հետ են շատ համեմատում այս գործընթացը։ Տեսեք՝ Միացյալ Նահանգներում քանի տարի է անցել Քեննեդիի սպանությունից հետո, բայց դեռ բազմաթիվ հատորներ գաղտնի են, հրապարակման ենթակա չեն», - նշեց Մարուքյանը։

ԱԺ բակում ծաղկեպսակ դրեցին նաև արտախորհրդարանական ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունները:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասում է՝ իրենք որպես նախկին իշխանություն որևէ կաշկանդվածություն չունեն «Հոկտեմբերի 27»֊ի բացահայտման հարցում:

«Դա ոճրագործություն էր նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության նկատմամբ, որովհետև Վազգեն Սարգսյանը մեր կուսակցության առաջնորդն էր, ու էն մարդիկ՝ խոսքը Արամի մասին չէ, քաղաքական որոշ շրջանակներ, ովքեր փորձում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ և ցույց տալ, որ իրենք ավելի մեծ ցավ են ապրել՝ այդպես չէ», - հայտարարեց ՀՀԿ խոսնակը։

ՀՅԴ կուսակցության անդամ Արծվիկ Մինասյանը կարծում է, որ իշխանություն ներկայացնող անձանց կողմից Նաիրի Հունանյանին հրապարակային գործարք է առաջարկվում, ինչը անթույլատրելի է համարում, իսկ վերջին զարգացումները որակում որպես քաղաքական շահարկում․ - «Այսինքն՝ տվեք անուններ և մենք կփորձենք ձեզ օգտակար լինել»։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին ահաբեկչական հարձակում տեղի ունեցավ Ազգային ժողովի վրա, երբ հերթական նիստին կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումը այժմ քննարկման փուլում է և դեկտեմբերին պարզ կլինի՝ դիմումը կբավարարվի, թե ոչ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ըստ էության, օրերս ԱԺ ամբիոնից բացառել էր այդ դիմումի բավարարման հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG