Մատչելիության հղումներ

Բացվեց ԲԷՑ-ի «Հաղթանակ» ենթակայանը


Այսօր Երևանի հարևանությամբ վերակառուցումից հետո բացվեց Բարձրավոլտ էլեկտրացանցեր (ԲԷՑ) ընկերության «Հաղթանակ» ենթակայանը:

Ավելի քան երեք տարի տևած վերակառուցումից հետո նոր ենթակայանին հնարավորություններին ծանոթանալու համար այցելել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ռուսահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը և հայաստանցի մեծահարուստ գործարար Սամվել Ալեքսանյանը:

«Հաղթանակը» վերակառուցվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ, ներդրվել է 14 միլիոն դոլար, իսկ գլխավոր կապալառուն «Կասկադ-էներգո» ընկերությունն է: Ռուսաստանյան մամուլը այդ ընկերությունը կապում է Սամվել Կարապետյանի հետ, և հնարավոր է սա է պատճառը, որ Կարապետյանը ժամանել է Երևան:

Թավշյա հեղափոխությունից հետո հայաստանյան մամուլը գրում էր, թե «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատերը որոշել է դադար վերցնել և առժամանակ Հայաստանում ներդրումներ չանել: Լրագրողների հետ ճեպազրույցում Սամվել Կարապետյանը, սակայն, հայտնեց, թե նոր նախագծեր է իրականացնում Հայաստանում:

Ի դեպ, Forbes հանդեսը Սամվել Կարապետյանի կարողությունը 2019 թվականին գնահատել է 3,7 միլիարդ դոլար, և ամենահարուստ ռուսաստանցիների շարքում նրան հատկացրել է 29-րդ հորիզոնականը:

Մինչ կառավարության անդամներն ու մեծահարուստ գործարարները սպասում էին վարչապետ Փաշինյանի ժամանելուն՝ որոշեցինք հետաքրքրվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանից, թե ինչ նորություն կա աբխազական երկաթուղու վերագործարկման հարցում: Հայաստանը Ռուսաստանին կապող «Վերին Լարս» անցակետում վերջերս դարձյալ կուտակումներ էին․ հայաստանյան մի քանի հարյուր բեռնատարներ տևական ժամանակ հերթի մեջ էին:

«Վերջին տեղեկությունը, որ ունենք՝ վրաց-ռուսական բանակցությունները ընթանում են և ոնց որ թե բավականին դրական հունով են ընթանում: Սա երկաթգծին չի վերաբերվում, սա վերաբերվում է շվեյցարական ընկերությունը, որը մաքսային ծառայություն պետք է մատուցի այդ տարածքում, նաև լոգիստիկ ծառայություններ մատուցի: Հիմա արդեն քննարկվում է ավելի կոնկրետ, թե որքանով է դա հնարավոր, ինչ կետերում է դա հնարավոր անել: Ընդհանուր առմամբ, մենք, իհարկե, շատ շահագրգռված ենք, որպեսզի այդ ծրագիրը իրականանա: Իհարկե նաև Լարսի միջանցքի լայնացման ծրագիրն է իրականացնում ռուսական կողմը: Վրացական կողմը նույնպես իր կողմից ենթադրում է որոշակի լայնացման աշխատանքներ իրականացնել: Եվ մեկ այլընտրանքային թունել է պատրաստվում վրացական կողմը կառուցել դեպի Ռուսաստան: Այլընտրանքային թունելը լինելու է հենց նույն հատվածում, ինչ որ Լարսն է: Դա կլինի հստակ այլընտրանքային ճանապարը, որը որ թույլ կտա տնտեսվարողներին հանգիստ իրենց բեռները անցկացնել», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Ավինյանը:

Հարցին, թե որքանով իրատեսական է համարում, որ երկաթգիծը կամ նոր ավտոմայրուղին կարող է գործել այդ ուղղությամբ, Ավինյանն արձագանքեց․ - «Ինձ դժվար կլինի գնահատել այդ ծրագրի իրատեսականությունը, որովհետև դա մեր տիրապետության տակ գտնվող հարց չէ և որոշակի նաև խնդիրների հետ է կապված: Մենք հուսով ենք, որ մեր գործընկերները կկարողանան փոխհամաձայնեցված տարբերակներ գտնել, որպեսզի այդ ծրագիրը նույնպես իրականանա: Երկու օր առաջ Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհին» նվիրված համաժողովը վերաբերվում էր հենց այդ լոգիստիկ կապերին և ենթակառուցվածքային խոշոր ծրագրերի տարածաշրջանային տրամաբանությանը: Եվ կարծում եմ, վրաց մեր գործընկերների համար նույնպես կարևոր են այդ այլընտրանքային ճանապարհները»:

Ավինյանը օրես Թբիլիսիում էր, ուր, ի շարս այլ հանդիպումների, քննարկումներ ունեցավ Վրաստանի փոխվարչապետ, Ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Մայա Ցքիտիշվիլիի հետ:

Ըստ Հայաստանի կառավարության հաղորդագրության, զրուցակիցները անդրադարձել էին նաև Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում տրանսպորտային և ենթակառուցվածքային զարգացմանը վերաբերող տարաբնույթ հարցերի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG