Մատչելիության հղումներ

Մասնագետներն ահազանգում են Հայաստանում ինտերնետի վերահսկման վտանգի մասին


Հայաստանում ինտերնետի վերահսկման և անձնական իրավունքների ոտնահարման վտանգի մասին են ահազանգում մի շարք մասնագետներ: Բանն այն է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) վերջերս մի որոշման նախագիծ է հրապարակել, որով սահմանվում են ինտերնետ պրովայդերների արխիվների պահպանման մի շարք չափանիշներ։

Հիմքում «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» 2005 թվականին ընդունված օրենքն է, դրան էլ գումարել են հանրային ու ազգային անվտանգության շահերի պաշտպանության անհրաժեշտությունն ու ստացել մի նախագիծ, որի այս տեսքով ընդունումից հետո Հայաստանում գործող բոլոր պրովայդերները պարտավոր կլինեն երկու տարվա կտրվածքով պահպանել մի շարք տեղեկություններ՝ բաժանորդների IP հասցեները, պորտի համարները, հեռախոսահամարները, բաժանորդների շարժական սարքերի մասին տվյալներ,էլեկտրոնային հասցեները, հաղորդակցությունների ամսաթիվը, ժամը։

ՀԾԿՀ-ի նախագիծը վտանգավոր է համարում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանը, ասում է՝ այն վերաբերում է մարդու անձնական տվյալների պաշտպանության ոլորտին: Դոյդոյանի տպավորությամբ՝ նախագիծը մշակելիս դա հաշվի չեն առել, ուստի այս ոլորտում կարգավորումները պիտի օրենսդրական լինել, այլ ոչ ենթաօրենսդրական ակտի տեսքով:

«Մեխանիզմը, որով ընտրվել է հարցի կարգավորումը, ի սկզբանե սխալ է: Բոլոր դեպքերում, իմ ընկալումն այնպիսին է, որ հանձնաժողովը լավ չի պատկերացնում ընդհանրապես այս հարցի ողջ խորությունը և ծավալը և նայում է զուտ մակերեսորեն, որպես տեխնիկական հարց՝ «ինչ ա եղել, արխիվվորենք, պահենք, մեկ էլ տեսար՝ մի օր մեկին պետք էղավ, կհանենք, կտանք»: Մինչդեռ մենք այս պարագայում դնում ենք վերահսկողության յուրաքանչյուր անհատի, ով այս հասարակության անդամ է, նրա բոլոր քայլերը վիրտուալ տիրույթում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիրը:

Մինչդեռ հանձնաժողովից հայտնում են՝ Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքով տեղեկությունների պահպանումը նախատեսված է, սակայն դրա իրականացման կարգավորումները չկային, իրենց ներկայացրած նախագիծը հենց այդ խնդիրը լուծելուն է միտված։ Հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանն ընդգծում է՝այս կարգավորմամբ պրովայդերները բովանդակությունը չեն պահպանելու, այսինքն՝ օգտատերերը կարող են չանհանգստանալ, որ, օրինակ, իրենց նամակագրությունները կարխիվացվեն: Քանի որ դա ոչ միայն առկա չէ նախագծում, այլ նաև դուրս է հանձնաժողովի իրավասությունների տիրույթից», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՀԾԿՀ անդամը:

Շահինյանի խոսքով՝ իրենք հիմա սպասում են պրովայդերների արձագանքին, ասում է՝ նախագիծը դեռ վաղ քննարկման փուլում է․ - «Քննարկենք, հասկանանք՝ ի վերջո, էս կարգավորումների շրջանակը ինչպիսին պետք է լինի և ինչ սահմաններ պիտի ունենա»:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի գնահատմամբ՝ կարգավորումների նախագիծը ինտերնետի ազատ օգտագործման խստացման փորձ է: Ըստ փորձագետի՝ պետությունը պիտի հիմնավորի, թե ինչու է այդ քայլին դիմում: Եթե պետությունը փորձում է կիբերհանցագործությունները կանխել ապա, ընդգծեց Մարտիրոսյանը, «փորձված կիբեր կրիմինալը էս մեթոդներով չի բացահայտվի, որովհետև իմացող մարդը կշրջանցի»:

Փորձագետի խոսքով՝ մեկ այլ լուրջ խնդիր կա․ - «Փաստացի իմ տվյալները հավաքագրվում են, որ կարող է ես հանցագործություն կատարեմ, ու հետո հետին թվով դա օգտագործվի: Սա մի քիչ սկզբունքային հարց է, ու կարծում եմ՝ նույնպես ենթադրում է քննարկում»:

Մարտիրոսյանը համաձայն է Դոյդոյանի հետ՝ հարցը պիտի օրենսդրական կարգավորում ստանա։ Ինչ վերաբերում է այս ամենի հենց տեխնիկական մասին, փորձագետը շեշտում է՝ ակնհայտ է որ փոքր պրովայդերները լուրջ ծախսի տակ են ընկնում․ - «Կարող է, օրինակ, սնանկանան ինչ-որ պրովայդերներ, կամ ինտերնետի գինը աճի: Չգիտեմ, չեմ տեսել ուսումնասիրություն ու համոզված եմ, որ ուսումնասիրության չկա»:

ՀԾԿՀ-ից հավելում են՝ իրենք էլ չգիտեն, թե այս ամենը որքան կարժենա պրովայդերների համար, քննարկումների են սպասում։

Այն, որ փոքր պրովայդերները հնարավոր է խնդիր ունենան, ընդունում է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: ԱԺ հարցուպատասխանի ընթացքում անդրադառնալով այս նախագծին, նախարարն ասաց՝ երկու տարի այդքան տվյալներ պահպանելու համար համապատասխան սարքավորումներ են պետք:

«Գյուղական համայնքներում, փոքր համայնքներում այս պրովայդներները կարող են խնդիր ունենալ, որը, կարծում եմ, էդքան էլ մեր շահերից չի բխում՝ փոքր և միջին բիզնեսի զարգացման և ինտերնետի տարածման տեսանկյունից», - խորհրդարանում հայտարարեց նախարարը:

XS
SM
MD
LG