Մատչելիության հղումներ

Ադրբեջանի երկարամյա փոխվարչապետները հեռացան պաշտոնից


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունում է հրաժարական ներկայացրած փոխվարչապետ Ալի Հասանովին, Բաքու, 21-ը հոկտեմբերի, 2019թ․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունում է հրաժարական ներկայացրած փոխվարչապետ Ալի Հասանովին, Բաքու, 21-ը հոկտեմբերի, 2019թ․

Ադրբեջանի կառավարությունում երկարամյա փոխվարչապետները հեռացան պաշտոնից՝ նրանք հրաժարականի դիմումներ գրեցին: Երկրի ղեկավար Իլհամ Ալիևը ընդունեց նրանց, հանդիպման հրավիրեց, առանձին-առանձին զրուցեց պաշտոնից հեռացող փոխվարչապետների հետ, շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար:

Հաջիբալա Աբութալիբովին նա հատուկ շնորհակալություն հայտնեց իր հորը՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևին հավատարիմ լինելու համար, նրա վերադարձը Ադրբեջան պաշտպանելու, աջակցելու համար: Դե իսկ երկրի ղեկավար դառնալուց հետո Հեյդար Ալիևը Աբութալիբովին նշանակել էր փոխվարչապետ, Բաքվի քաղաքապետ:

«Բայց կյանքը տեղում չի կանգնում, նոր խնդիրներ, նոր մարտահրավերներ են առաջանում», - շարունակել է Իլհամ Ալիևը: - «Ձեր 75 տարին արդեն լրացել է, և, իհարկե, ճանապարհը պետք է զիջել երիտասարդ սերնդին: Դրա համար ես բարձր եմ գնահատում Ձեր դիմումը, գտնում եմ, որ իշխանությունում գտնվող՝ թոշակի տարիքի հասած մարդիկ, ովքեր արդեն 70-ն անց են, երևի պետք է հետևեն Ձեր օրինակին: Ամեն դեպքում, ես դրա հույսն ունեմ»:

Հաջիբալա Աբութալիբովը ամենաջերմ բառերով հիշել է Հեյդար Ալիևին, Ադրբեջանի համար նրա գործունեությունը գնահատել է նույնիսկ որպես «ինքնազոհություն», և Իլհամ Ալիևին ասել է․ - «Եթե Հեյդար Ալիևը ստեղծեց Ադրբեջան պետությունը, հանդիսանում է պետականության հիմնադիրը, ապա Դուք Ադրբեջանի զարգացմա՛ն հիմնադիրն եք»:

Ալիևն ընդունել է նաև հրաժարականի դիմում ներկայացրած մյուս փոխվարչապետին՝ Ալի Հասանովին, նրան նույնպես գովաբանել է, նշել, որ Հեյդար Ալիևը նրան բարձր պաշտոնների է նշանակել, 21 տարի փոխվարչապետ է, և նորից ասել է, որ 70-ն անց պաշտոնյաները պետք է թոշակի գնան:

Պաշտոններից հեռացած փոխվարչապետների հետ հանդիպումների հաջորդ օրը՝ երեկ, Իլհամ Ալիևն ընդունել է փոխվարչապետի պաշտոնում նոր նշանակված 54-ամյա Շահին Մուստաֆաևին:

Մուստաֆաևը ծնվել է, կրթություն է ստացել, դպրոց է գնացել Հայաստանում՝ Նոյեմբերյանի շրջանում:

XS
SM
MD
LG