Մատչելիության հղումներ

Վիտալի Բալասանյանի վարքագիծը ցույց է տալիս, որ նա որպես քաղաքական գործիչ անելիք չունի․ Արմեն Գրիգորյան


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատության» տաղավարում, արխիվ
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի վարքագիծը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նա որպես քաղաքական գործիչ անելիք չունի: «Ազատությանը» տված հարցազրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Ստորև՝ հատված հարցազրույցից․

«Ազատություն»․ - Վիտալի Բալասանյանի մասին է խոսքը: Անգամ Ձեր հայտարարությունից հետո, որ խուլիգանի պես էր իրեն պահում, նա, միևնույն է, պնդում է, որ դուք, օրինակ, զավթել եք իշխանությունը, որ ինքը գիտի, թե Փաշինյանն ու Ալիևը ինչ են վերելակում խոսել, և գիտի, որ վատ-վատ բաներ են խոսել, և այլն:

Արմեն Գրիգորյան․ - Իրականում այս պահին Վիտալի Բալասանյանի տված հարցազրույցը և հայտարարությունները իրավապահ մարմինների գործունեության շրջանակներում են, բայց ես կարող եմ ասել, որ նման վարքագիծը ևս մի անգամ ցույց է տալիս, որ նա որպես քաղաքական գործիչ անելիք չունի: Եվ էս առումով կարող ենք էս էջը փակած համարել, որովհետև չի կարող 70 տոկոս ձայն ստացած քաղաքական ուժի մասին նման հայտարարություններ անել, նույնիսկ տրամաբանությունը՝ քաղաքական տրամաբանությունը, տարրական տրամաբանող ցանկացած քաղաքական գործիչ որևիցե նման հայտարարություններ երբեք չէր անի:

«Ազատություն»․ - Թույլ տվեք մի «բայց» Ձեզ հիշեցնել, որ էդ ճամբարից գալիս է, որ, ահա, դուք, երիտասարդ, ռազմական, քաղաքական փորձառություն չունենալով՝ այդպիսի բաներ եք ասում հերոսի մասին:

Գրիգորյան․ - Որ ժամանակաշրջանում Վիտալի Բալասանյանը հերոս է եղել, էդ ժամանակաշրջանի մասին ես որևիցե բան չեմ ասել: Եվ մի տեսակ մեր մոտ բան է դարձել, որ պատերազմին մասնակցությունը ինդուլգենցիա է: Արդյո՞ք երբ որ ես հեղափոխությանը մասնակցել եմ, ես իրավունք ունեմ, օրինակ, օրենք խախտելու, այլ վարքագիծ դրսևորելու: Ես մտածում եմ, որ եթե ես հեղափոխությանը մասնակցել եմ, ես ավելի մեծ պատասխանատվություն ունեմ, և եթե ես հեղափոխության հայտարարած սկզբունքներին հակառակ ինչ-որ բան անեմ, ես դավաճանած կլինեմ էն հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր դուրս են եկել փողոց:

Նույնը վերաբերում է արցախյան հաղթանակին: Այն մարդիկ, ովքեր օգտագործում են այդ հաղթանակը ոչ թե ավելի մեծ պատասխանատվություն կրելու, ավելի մեծ նպատակներին ծառայեցնելու, այլ անձնական շահերի համար, նրանք դավաճանում են մնացած բոլորին, ովքեր մասնակցել են: Եվ այս առումով մենք պետք է մի հատ շատ կարևոր բան ֆիքսենք, որ պատասխանատվությունն է կարևոր հենց հաղթանակի հանդեպ՝ և՛ Արցախի պատերազմի, և՛ հեղափոխության հանդեպ ցանկացածիս պատասխանատվությունն է կարևոր, և հենց էդ պատասխանատվությամբ և վարքագծով է որոշվում, թե մենք ինչպիսի վերաբերմունք ունենք այդպիսի գործընթացների նկատմամբ: Եվ որևիցե մեկի արարքները, օրինակ՝ 90-ականների, չի քննարկվում, որևիցե մեկին չի ասվում, որ «դուք ինչո՞ւ եք էդպիսի բան արել», հա՞, էդ ընթացքում, առավել՝ դա գնահատվում է ու բարձր մակարդակի է գնահատվում: Իրենց վարքագիծը այլ ժամանակի և տարածության մեջ է քննարկվում, և դա իրար հետ մեծ թվով կապ չունի:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG