Մատչելիության հղումներ

Վիտալի Բալասանյանը հրաժարվում է ներկայանալ հարցաքննության


«Ազատության» հարցմանն ի պատասխան Հատուկ քննչական ծառայությունից այսօր հայտնեցին, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրաժարվել է ներկայանալ հարցաքննության:

Փոխարենը Բալասանյանը դիմում է ուղարկել Մարտի 1-ի գործը քննող քնչական ծառայությանը՝ շեշտելով, որ 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների ժամանակ անձամբ Երևանում չի գտնվել, և այդ օրերին տեղի ունեցած իրադարձությունների մասին իր տվյալները սահմանափակվում են այնքանով, որքանով որ դրանք հասանելի են եղել հասարակության լայն շրջանակներին և տարածվել ԶԼՄ-ների միջոցով:

Մինչդեռ օրեր առաջ Բալասանյանը հարցազրույց էր տվել մարտի մեկի գործով մեղադրյալ, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող Yerevan Today կայքին, որտեղ անդրադարձել էր արյունալի այդ դեպքերին, և 10 զոհերի սպանության հանգամանքների բացահայտման հետ կապված արտահայտել իր տեսակետը։

Բալասանյանը, մասնավորապես, անդրադարձել էր 2008-ի քաղաքական գործընթացներում զինված ուժերի ներգրավման մասին Հատուկ քննչական ծառայության պնդումներին․ - «Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետության զինված ուժերից, զորքերից որևէ մեկը չի կրակել: Ի՞նչ է նշանակում՝ բանակը կրակել է: Ցույց տվեք մի դեպք, որ բանակը կրակել է: Խոսում են, թե գեներալները եկել են, հրամաններ են տվել, գեներալները կրակել են, գեներալները 60 հոգի են առանձնացրել։ Ես չեմ տեսնում, որ Հայաստանում և Արցախում նախկին և ներկա զինված ուժերում կային այնպիսիներ, որոնք ընդհուպ մեծ գումարով կամ Հանրապետության նախագահի հրամանով կարող էր նեկ հայի ընդհուպ մեկ ապտակ հասցնել: Ժողովրդի վրա կրակել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իր խմբով: Կգա ժամանակը, ես էլ տեղյակ եմ մարտի 1-ի դեպքերից, ես էլ ինֆորմացիաներ ունեմ, թե ինչ է կատարվել այդ ժամանակ»:

Նրա այս հայտարարությունից հետո ՀՔԾ-ի փորձերը՝ կանչել Բալասայկանին հարցաքննության, չեն հաջողվում։ Ինչպես հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը, Մարտի 1-ի քրեական գործով հարցաքննության կանչելու նպատակով Արցախի ոստիկանության միջոցով ծանուցագիր էր ուղարկվել Վիտալի Բալասանյանին, սակայն դրանից հետո ստացվել էր նրա դիմումը։ Բալասանյանը դիմումում գրել է, որ հարցաքննության կանչելու մասին ծանուցագիրը դրանում նշված ժամկետից ուշ է ստացել:

Դիմումը ստանալուց հետո ՀՔԾ-ն կրկին ծանուցագիր է ուղարկել Բալասանյանին։

Ղարաբաղցի նախկին պաշտոնյայի հետ այսօր կապ հաստատել չհաջողվեց:

Ե՛վ պաշտոնավարման ժամանակ, և՛ դրանից հետո Բալասանյանը աչքի է ընկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին կոշտ քննադատությամբ, վերջերս նույնիսկ նրան մեղադրել էր իշխանությունը բռնազավթելու մեջ։

Բալասանյանը չի թաքցնում, որ մտադիր է մասնակցել 2020-ին Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG