«Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության շատ մեծ վստահության վկայություն է, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Շնորհավորում եմ բոլորիս», - ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ընդգծելով․ - «Մարդու բոլոր իրավունքների ու հիմնարար ազատությունների առաջմղումը, ժողովրդավարական արժեքների ամրապնդումը լինելու է Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի կարևոր առաջնահերթությունը: Մենք շարունակելու ենք պայքարել ինքնության հիմքով խտրականության դրսևորումների, այլատյացության, անհանդուրժողականության և ատելության խոսքի և քարոզի դեմ, որովհետև Հայաստանին և հայ ժողովրդին լավ հայտնի են այդ հիմքերով մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետևանքները»:
«Մարդու իրավունքների խորհուրդը ստեղծվել է 2006 թվականին, հանդիսանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օժանդակ միջկառավարական մարմին, բաղկացած է ՄԱԿ անդամ 47 երկրներից։ Այն զբաղվում է աշխարհում մարդու իրավունքների առաջմղման և պաշտպանության հարցերով, մարդու իրավունքների խախտումների հասցեագրմամբ ու դրանց վերաբերյալ համապատասխան խորհրդատվություններ անելով։ ՄԻԽ կենտրոնակայանը գտնվում է Ժնևում», - նշված է ԱԳՆ-ի տարածած տեղեկանքում:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ սա մեծ հնարավորություն է Հայաստանի համար: Հովհաննիսյանը միևնույն ժամանակ ընդգծեց, որ կան համակարգային խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ լրջագույն քայլեր են հարկավոր անել։
Կամքը, ըստ իրավապաշտպանի, կա, սակայն շոշափելի փոփոխություններ ինքը դեռևս չի տեսնում. - «Այս պահին կոնկրետ կարելի է ասել, որ կան որոշակի խոստումներ, կա որոշակի ցուցադրված կամք, որոշ խմբերի նկատմամբ գոյություն ունի ուշադրություն՝ զինծառայողները, քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձինք, որոնց վերաբերյալ կան որոաշկի հայեցակարգեր, փոփոխության գնացող որոշակի գործողությունների պլաններ: Բայց ինձ կոնկրետ անհանգստացնում է ընդհանուր քաղաքականության համընդհանրության բնույթը, քանի որ մարդու իրավունքների ոլորտը սերտորեն կապված է մարդու հանդեպ վերաբերմունքի փոփոխությունից, և եթե երկրում դեռևս նկատելի չէ մարդու արժեվորումը և նրա հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը, լինի դա շարքային քաղաքացի, նախկին իշխանության կրող թե ապագա ղեկավար կամ արվեստի գործիչ, նրա հանդեպ փոփոխությունը և նրա ազատությունների հանդեպ փոփոխությունը դա համակարգային բավական լուրջ խնդիր է, որը այժմ դեռևս համապարփակ և կոնկրետ ես, որպես իրավապաշտպան, չեմ տեսնում»:
Նշենք, որ 2003 թվականին Հայաստանը երեք տարով ընտրվել էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ: Հանձնաժողովի գործունեությունը դադարել է 2006 թվականի մարտին: