Մատչելիության հղումներ

Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարականի դիմում է ներկայացրել


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարականի դիմում է ներկայացրել: 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) տարածած հայտարարության մեջ նշել է, որ հրաժարականի պատճառն այն է, որ Հայաստանի հավաքականը չի կարողացել նվաճել Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։ Իսկ թե ով կփոխարինի Գյուլբուդաղյանցին, առայժմ հայտնի չէ։

Հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչը հրաժարականի տեքստում մասնավորապես նշել է․ - «Ընտրական փուլը դեռ չի ավարտվել, բայց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու բարդ որոշում եմ կայացրել, քանի որ չեմ կարողացել արդարացնել Հայաստանի հավաքականի երկրպագուների հույսերը՝ թիմին դուրս բերել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Այժմ մեր հնարավորությունները միայն տեսական են, և, չնայած իմ առջև ի սկզբանե նման խնդիր չէր դրվել, միշտ զգացել եմ պատասխանատվություն»։

ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել Գյուլբուդաղյանին կատարած աշխատանքի համար, ֆեդերացիայի նախագահը նշել է, որ իր համար դժվար է եղել ընդունել մարզչի հրաժարականը

«Վստահ եմ, որ մեր մարզչի մեկ տարվա աշխատանքը, դրված հիմքը ապագայում էլ արդյունքների կբերեն։ Շնորհակալություն եմ հայտնում Արմեն Գյուլբուդաղյանցին նվիրված աշխատանքի համար», - նշել է Վանեցյանը։

Տարիներ շարունակ ազգային հավաքականի խաղերը մեկնաբանող Էդուարդ Քալանթարյանը Գյուլբուդաղյանցի հրաժարականը և՛ սպասելի է համարում, և՛ անհրաժեշտ:

Ըստ մեկնաբանի, նախկին գլխավոր մարզիչն այլևս ոչինչ հավաքականին տալու չուներ․ - «Միգուցե եթե ընտրական մցաշարն ավելի հաջող դասավորվեր, նա կկարողանար ընթացքում ինչ որ բան ավելացնել, բայց Լիխտեյնշտեյին չհաղթելուց հետո և ֆիններին խոշոր հաշվով պարտվելուց հետո առաջին հերթին հոգեբանական վատ վիճակ էր ստեղծվել: Իսկ դրա պատասխանատուն մարզիչն է, հետևաբար նրա կողմից ամենատրամաբանական քայլը հրաժարականն էր, և դա եղավ»:

Քալանթարյանին զարմացրել է հավաքանի արդեն նախկին գլխավոր մարզչի հրաժարականի տեքստում արված այն ձևակերպումը, որ այն պայմանավորված է թիմի Եվրո 2020-ի ուղեգիր ձեռք չբերելու հետ:

Մեկնաբանը հիշեցնում է, որ ի սկզբանե այդպիսի խնդիր դրված չի եղել․ - «Շատ նորմալ է, որ ոչ ոք այդպիսի խնդիր չէր դրել: Մենք այսօր չունենք այն հավաքականը, որի առջև ի սկզբանե պետք է նման խնդիր դնել: Մենք դեռ պատրաստ չենք, չունենք այն կազմը, չունենք այն ֆուտբոլիստները, որոնք եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորություն կունենան»:

Քալանթարյանն ընդգծում է, որ այս ընտրական շրջանում հավաքականն ընթանում է 3-րդ տեղով․ - «Իսկ երրորդ տեղը, եթե հիշում եք, մեր լավագույն ցուցանիշի կրկնությունն է: Այսինքն, եթե պահենք երկրորդ տեղը կարող ենք շատ հաջողված մրցաշար համարել»։

Մեկնաբանի գնահատմամբ, էական տարբերություն չկա, թե հաջորդ մարզիչը տեղացի կլինի թե արտասահմանից կհրավիրվի, որովհետև երկու դեպքում էլ աշխատելու է նույն ֆուտբոլիստների հետ․ - «Եկեք չասենք, որ պետք է մասնակցենք Եվրոպայի առաջնությանը կամ աշխարհի առաջնությանը: Մենք ուզում ենք մասնակցել, բայց պարտավոր չենք դա անել, որովեհտև չունենք դրա համար անհրաժեշտ ամենակարևոր բանը: Դա կազմն է: Հաջորդ մարզչին ես կցանկանայի, որ կայունություն մտցներ հավաքականի խաղում, որ արդյունքներ լինեին կայուն: Մեկ, երկու, անգամ մենք երրորդ տեղը գրավենք, հետո նոր նպատակ դնենք, որ երկրորդ տեղ գրավենք ու անցնենք եզրափակիչ»:

Բազմափորձ ֆուտբոլային մեկնաբան, «ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթի հիմնադիր նախագահ Սուրեն Բաղդասարյանը շեշտում է, որ անհաջողությունների համար առաջին հերթին պետք է ֆեդերացիային մեղադրել:

Բաղդասարյանի խոսքով, խնդիրները խորքային են, և այսօր հայկական ֆուտբոլն ընդհաներապես լավ վիճակում չէ․ - «Մենք կադրեր չունենք, մեր մարզադպրոցները, լավ չեն աշխատում: Մենք պետք է մտածենք այդ մասին: Իհարկե դրա համար ֆեդերացիան է պատասխանատու: Ես չեմ ուզում ողջ մեղքը բարդել Գյուլբուդաղյանցի վրա: Նախ կարծում եմ, որ շուտ ինքը ժամանակից շուտ հայտարարեց հրաժարականի մասին, որովհետև ինքը կարող էր էլի հայտարարել, ասել, որ շրջափուլը ավարտվի, դրանից հետո ես հրաժարական կտամ»:

Ինչ վերաբերվում է հավաքանի ցուցադրած խաղին, Բաղդասարյանն ասում է, թե հայկական թիմերը կարծես խրոնիկական հիվանդություն են ձեռք բերել և մեկ գոլ հեղինակելուց հետո հետ են քաշվում՝ չնայած լավ չեն պաշտպանվում և վաղ թե ուշ գնդակ են բաց թողնում։

Մեկնաբանը չի հասկանում, թե ինչու են կենտրոնում հենակետայիններ խաղում, կառուցող, ակտիվ, հարձակմանը միտված խաղացողների փոխարեն։ Հիշեցնենք, որ ֆինների դեմ խաղում հավաքանի մեկնարկային կազմում երկու հենակետային կիսապաշտպան կար։

«Բազմիցս օրինակ եմ բերել, որ Կառլեն Մկրտչյանը Արթուր Եդիգարյանը միասին խաղացել են 100-ից ավելի հանդիպում, և ընդամենը երկու գոլ, այն էլ Կառլենն է խփել», - ասաց նա:

Ինչ վերաբերվում է սերնդափոխության անհրաժեշտությանը, Բաղդասարյանը չի հասկանում, թե ինչու այս ընտրական փուլում, և դրան նախորդած Ազգերի լիգայի մրցաշարում շանս չստացան հեռանկարային խաղացողներ համարվող Պետրոս Ավետիսյանն ու Էրիկ Վարդանյանը։

XS
SM
MD
LG