Մատչելիության հղումներ

«Բրեքզիթազուրկ» հեռուստաալիք


Երեկվանից խոսում են «Բրեքզիթ»-ի հարցը կարգավորելու նոր հնարավորության մասին՝ Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը և Եվրոպական միությունը համաձայնության են եկել մի ծրագրի շուրջ, որը կընձեռի միությունից Բրիտանիայի դուրս գալը կարգավորվող և օրինական իրականացնելու հնարավորություն: Իհարկե՝ եթե բրիտանական խորհրդարանը հավանություն տա այդ տարբերակին: «Բրեքզիթ»-ը կմեկնարկի հոկտեմբերի 31-ին:

Քաղաքական անցուդարձով հետաքրքրվող բրիտանացիներն ամեն օր լուրեր են սպասում՝ մերթ հայրենի կառավարությունից, մերթ Բրյուսելից: Բայց ի՞նչ անեն այն բրիտանացիները, ովքեր «Բրեքզիթ» բառը լսելիս ալերգիկ վիճակում են հայտնվում: Օգնության է գալիս «Բրեքզիթ»-ը զօրուգիշեր շատ ակտիվ լուսաբանող Sky News հեռուստաընկերությունը: Այս լրատվամիջոցի ղեկավարները հասկացել են, որ շուկան պահանջում է ծրագիր, որում «Բրեքզիթ»-ի մասին խոսք չի լինի: Sky News Brexit-Free՝ ահա նախաձեռնության անունը: «Բրեքզիթազուրկ լուրեր»: Ոչ մի անդրադարձ Եվրամիության հետ խնդիրներին՝ մարդիկ հոգնել են այդ թեմայից:

Reuters-ի Լրագրության հետազոտությունների ինստիտուտի մասնագետների փոխանցմամբ՝ բրիտանացիների ավելի քան մեկ երրորդը գերադասում է չլսել ու չնայել լուրերի թողարկումը, եթե դրանում կա անդրադարձ «Բրեքզիթ»-ին: Sky News-ի ղեկավար Ջոն Ռոլին ասել է, որ «Բրեքզիթ»-ը խոշոր պատմական զարգացում է, և հեռուստակայանը կշարունակի այն լուսաբանել, բայց դրա հետ մեկտեղ կգործի նոր ալիք, որը երեկոյան ժամը 5-ից 10-ը կհեռարձակի լուրեր՝ բացարձակ ու սկզբունքորեն խուսափելով «Բրեքզիթ»-ի թեմայից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG