Մատչելիության հղումներ

Փաշինյանն ընդունել է զոհված զինծառայողների հարազատներին


Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատներն այսօր կառավարությունում վարչապետի հետ հանդիպմանը ներկայացրել են իրենց դժգոհության պատճառները:

Ծնողները բողոքում են՝ Մարտի 1-ի զոհվածների հարազատներին կառավարությունն աջակցություն է տրամադրել, բայց իրենց անտեսել է։ Մինչդեռ գործադիրը կարող էր իրենց ընդգրկել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների ցանկում։

«Դուք ասում եք, որ Մարտի 1-ի դեպքով դիմում են Եվրադատարան: Ուստի եթե մենք դիմենք Եվրադատարան, մե՞զ ինչ պատասխան են տալու: Ո՞ր ստատուս քվոյով մեր էրեխեքին տարել են Լեռնային Ղարաբաղ, մեր էրեխեքը զոհվել են, էսօր բերել են փակ դագաղով տվել են մեզ: Մենք ունենք զոհված տեղեկանք, որ զոհվել ա ծառայողական պարտականությունները կատարելիս, բայց մենք հիմնադրամի շահառու չենք կարողանալու հանդիսանալ», - վարչապետի հետ հանդիպմանն ասաց «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

Նիկոլ Փաշինյանի արձագանքը․ - «Շահառուների շրջանակը որոշվել է այն ժամանակներում, երբ որ, ինչպես դուք եք ասում, իշխանությունների հետ շատ մերձ հարաբերություններ ունեիք: Եվ ես չեմ յիշում, որ դուք երբևէ այսպիսի հանդիպում ունեցած լինեք, ասենք, Սերժ Սարգսյանի հետ, նախկին վարչապետների կամ նախագահների հետ և այդ շեշտադրումներով հանդես գաք»։

Վարչապետը նկատել է, որ հիմնադրամի շահառուների ցանկը շատ արագ տեմպերով ընդլայնվում է։ Այսօր արդեն հիմնադրամը սկսել է վճարումներ կատարել 1998 թվականի հունվարի 1-ից հետո զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և առաջին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին․ - «Փաստորեն մեկ ու կես տարվա ընթացքում 19 տարին հետ ենք գնացել, 19 տարվա շահառուների խնդիրը լուծել ենք: Բնականաբար մեր նպատակն այն է, որ հետ գնանք, հասնենք ամենասկիզբը: Բայց իհարկե, դա որոշակի աշխատանք է պահանջում»:

Իրավապաշտպանը Ժաննա Ալեքսանյանը կարևորում է, որ պետությունն ընդլայնել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուներիի ցանկը, սակայն անհրաժեշտություն է համարում, որ դա շարունակական լինի՝ ընդգրկելով նաև խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքներին:

«Հանդիպումներ եմ ունեցել Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ, որոնք ևս առաջարկում էին փոխհատուցում այդ ընտանքիներին անպատճառ, որովհետև բանակը պետության փակ համակարգ է, և պետության պատասխանատվության ներքո են գտնվում զինվորները, և նրանց կյանքի իրավունքի խախտման համար պատասխանատու է պետությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալեքսանյանը:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆինասնական միջոցները ձևավորվում են 2016 թվականին ընդունված օրենքով աշխատավարձերից գանձվող 1000 դրամ վճարներից։ Հիմնադրամը գործունեության ամենասկզբում աջակցություն էր տրամադրում միայն 2017 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո տեղի ունեցած դեպքերի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG