Մատչելիության հղումներ

Սաֆրաստյան․ Ալիևի հայտարարության մեջ առաջին անգամ հնչում է պանթյուրքիստական երանգ


Ադրբեջան - Թյուրքական խորհրդի նիստը Բաքվում, 15-ը հոկտեմբերի, 2019թ․

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Թյուրքական խորհրդի նիստին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հայտարարություններին։

Հիշեցնենք, Բաքվում շաբաթասկզբին անցկացված այդ նիստի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել էր՝ «Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին» հանգեցրեց թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը։ Նույն նիստին Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր. - «Մենք հնարավորը կանենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ապահովելու համար»: «Ադրբեջանական տարածքների օկուպացիայի հետևանքով մեկ միլիոնից ավելի մարդ այսօր փախստականի կյանքով է ապրում», - հավելել էր Թուրքիայի նախագահը:

«Ադրբեջանի նախագահը հերթական անգամ կրկնեց Հայաստանի և հայկական տարածքների հանդեպ իր նկրտումները՝ այս անգամ դրանք համեմելով պանթուրքիստական շեշտադրումներով», - այսպես է արձագանքել ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, շարունակելով. - «Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանային անվտանգության աղավաղված ընկալումը և մոտեցումները՝ հիմնված ռասիզմի և խտրականության վրա, խոչընդոտում են հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, նպաստում են տարածաշրջանում և դրանից դուրս անկայունության խթանմանը: Այս ամենը նաև ընդգծում է մեզ համար տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության ապահովման առաջնահերթությունը»։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է՝ Ալիևի հայտարարությունը չի կարող ընկալվել որպես վտանգ Հայաստանի համար, բայց, մյուս կողմից, նրա հայտարարության մեջ առաջին անգամ հնչում է պանթյուրքիստական երանգ:

«Կարծես թե այս հայտարարությունը արտահայտում է այն քննարկումները, որոնք տեղի են ունեցել Բաքվում այս գագաթնաժողովի ժամանակ, և կարելի է ենթադրել, որ այդ քննարկումները ստացել են քաղաքական պանթյուրքիստական որոշակի ուղղվածություն։ Սա, իհարկե, ենթադրություն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաֆրաստյանը՝ շարունակելով․ - «Ես կարծում եմ՝ պատահական չէր, որ առաջին անգամ ինքը տարածքային պահանջ ներկայացրեց՝ Ալիևը, Հայաստանի նկատմամբ՝ հիմնվելով պանթյուրքիստական գաղափարախոսության վրա»:

Ինչ վերաբերում է Էրդողանի հայտարարություններին, Սաֆրաստյանն ասում է՝ Թուրքիան բազմիցս է նման հայտարարություններ արել, սակայն այստեղ կարևորվում է այն հանգամանքը, որ Թուրքիայի նախագահն այդ հայտարարությունը հնչեցրեց թյուրքալեզու ժողովուրդների կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում։ «Սա մեկ անգամ ևս վկայում է, որ այդ կազմակերպությունը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օգտագործվում է իրենց կամքը թելադրելու համար մյուս թյուրքալեզու երկրներին», - ընդգծեց թուրքագետը:

Նշենք, որ Թյուրքական խորհրդի 7-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Բաքու էին ժամանել այդ կազմակերպության անդամ երկրներ Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի նախագահները, ինչպես նաև Հունգարիայի վարչապետը, ում ղեկավարած երկիրն ունի դիտորդի կարգավիճակ։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը միաժամանակ նշում է, որ այս կազմակերպությունը չի հետապնդում քաղաքական հստակ արտահայտված նպատակներ, այստեղ խոսքը ռազմական դաշինքի մասին չէ՝ հիմնականում քննարկվում են տնտեսական, մշակութային, գիտական համագործակցության խնդիրներ։

XS
SM
MD
LG