Մատչելիության հղումներ

Սիրիայի քրդերը բանակցում են՝ Ասադի և Մոսկվայի հետ դաշինք ձևավորելու նպատակով


Սիրիայի Ռաս ալ-Այն բնակավայրը հրետակոծվում է թուրքական զինված ուժերի կողմից, 11-ը հոկտեմբերի, 2019թ․
Սիրիայի Ռաս ալ-Այն բնակավայրը հրետակոծվում է թուրքական զինված ուժերի կողմից, 11-ը հոկտեմբերի, 2019թ․

Սիրիայի քրդական ուժերը հայտարարել են, որ երեկ պայմանավորվածություն են ձեռք բերել երկրի կառավարության հետ՝ աջակցություն ստանալու Թուրքիայի ռազմական ներխուժման դեմ պայքարելու համար:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Մարկ Էսպերը ևս հայտնել է, որ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը բանակցություններ է վարել Սիրիայի և Ռուսաստանի կառավարությունների հետ՝ թուրքական զինուժի դեմ դաշինք ձևավորելու նպատակով: Էսպերը նշել է, որ Թուրքիան «հավանաբար մտադիր է» ընդլայնել իր հարձակումը նախապես ծրագրվածից ավելի:

Հոկտեմբերի 9-ին Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի սկսած հարձակողական գործողությունն ուղղված է քրդերի առաջնորդած «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի կազմաքանդմանը, որը, Անկարայի պնդմամբ, Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության (PKK) մասնաճյուղն է:

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ դուրս է բերում իր բոլոր զինծառայողներին Սիրիայի հյուսիսից: Ֆրանսիան, իր հերթին, հայտնել է, որ միջոցներ է ձեռնարկում այդ տարածաշրջանում իր ռազմական և քաղաքացիական անձնակազմի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 հազար մարդ լքել են իրենց տները:

XS
SM
MD
LG