Մատչելիության հղումներ

Աշխաբադի գագաթնաժողովում ԱՊՀ երկրների Ռազմավարական տնտեսական համագործակցության հռչակագիր է ընդունվել


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աշխաբադում, 11-ը հոկտեմբերի, 2019թ․

Աշխատանքային այցով Աշխաբադում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ արարողակարգային համատեղ լուսանկարահանումից հետո տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ և ընդլայնված կազմերով։ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:

Նիստում ընդունվել է ԱՊՀ պետությունների Ռազմավարական տնտեսական համագործակցության մասին հռչակագիրը։ Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ 1941–1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների՝ ԱՊՀ ժողովուրդներին և միջազգային հանրությանն ուղղված համատեղ ուղերձը, Ազատազրկման հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին կոնվենցիան, 2020-2022 թթ. ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարի ծրագիրը, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ հայտարարությունը տիեզերական տարածությունում սպառազինությունների մրցավազքի կանխարգելման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման աջակցելու վերաբերյալ։ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը պարգևատրվել է ԱՊՀ երկրների միջպետական հումանիտար համագործակցության զարգացման հուշամեդալով։

Նիստում որոշում է ընդունվել 2020 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը փոխանցել Ուզբեկստանին և ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել այդ երկրում։

Հայաստանի վարչապետը նաև մասնակցել է Թուրքմենստանի նախագահի անունից տրված պաշտոնական ընդունելությանը։

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան ավարտվել է։ Կառավարության ղեկավարն այսօր կվերադառնա Երևան։

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG