«Անկախ, ինքիշխան, հզոր պետություն կերտելը մեզ համար եղել և մնում է մեր պետականաշինության հիմքը, որի հիմնասյուներից են Հայաստանի և Սփյուռքի հետ մեր եռամիասնությունն ու ժողովրդավարական արժեքներին ու սկզբունքներին հավատարիմ լինելը», - հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահը՝ այսօր Ստեփանակերտում ելույթ ունենալով Արցախի բարեկամների համաժողովի բացմանը:
«Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով համաժողովում ևս մեկ անգամ ներկայացնելով Արցախի պետականաշինության տեսլականը և արտաքին քաղաքական հրամայականները, Սահակյանը շարունակել է․ - «Մեզ համար կարևորագույն հրամայական է Արցախի անվտանգության լիարժեք ապահովումը բոլոր հարթություններում: Մեր անվտանգության չնչին իսկ թուլացումը հակառակորդի մոտ առաջացնելու է նոր ագրեսիայի դիմելու գայթակղություն, ինչը ինքնին հղի է անկանխատեսելի հետևանքներով: Այդ իսկ պատճառով՝ անվտանգության խնդիրներն առաջնային են նաև բանակցային գործընթացում»:
«Խոսելով բանակցային գործընթացից՝ ուզում եմ կրկին վերահաստատել, որ մենք կողմնակից ենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների խաղաղ կարգավորմանը բանակցային սեղանի շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Այստեղ լուրջ հաջողությունների գրանցումն անհնարին է առանց բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ: Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, և մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի թե սահմանների առումով», - հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահը:
Արցախի արտաքին քաղաքականության հիմքում, ըստ Սահակյանի, «շարունակում են մնալ հավասարակշռվածության և բազմաուղղվածության սկզբունքները»:
«Արտաքին քաղաքական ասպարեզում պաշտոնական Ստեփանակերտը շարունակելու է հատուկ տեղ հատկացնել տարբեր երկրների ու պետությունների և նրանց վարչական միավորների հետ կապերի հաստատմանն ու խորացմանը», - ասել է Արցախի նախագահը:
Տե՛ս նաև այստեղ