Մատչելիության հղումներ

Սահակյան․ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց բանակցություններին նրա մասնակցության


Լուսանկարը՝ Արցախի նախագահի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ Արցախի նախագահի աշխատակազմի լրատվականի

«Անկախ, ինքիշխան, հզոր պետություն կերտելը մեզ համար եղել և մնում է մեր պետականաշինության հիմքը, որի հիմնասյուներից են Հայաստանի և Սփյուռքի հետ մեր եռամիասնությունն ու ժողովրդավարական արժեքներին ու սկզբունքներին հավատարիմ լինելը», - հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահը՝ այսօր Ստեփանակերտում ելույթ ունենալով Արցախի բարեկամների համաժողովի բացմանը:

«Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով համաժողովում ևս մեկ անգամ ներկայացնելով Արցախի պետականաշինության տեսլականը և արտաքին քաղաքական հրամայականները, Սահակյանը շարունակել է․ - «Մեզ համար կարևորագույն հրամայական է Արցախի անվտանգության լիարժեք ապահովումը բոլոր հարթություններում: Մեր անվտանգության չնչին իսկ թուլացումը հակառակորդի մոտ առաջացնելու է նոր ագրեսիայի դիմելու գայթակղություն, ինչը ինքնին հղի է անկանխատեսելի հետևանքներով: Այդ իսկ պատճառով՝ անվտանգության խնդիրներն առաջնային են նաև բանակցային գործընթացում»:

«Խոսելով բանակցային գործընթացից՝ ուզում եմ կրկին վերահաստատել, որ մենք կողմնակից ենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների խաղաղ կարգավորմանը բանակցային սեղանի շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Այստեղ լուրջ հաջողությունների գրանցումն անհնարին է առանց բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ: Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, և մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի թե սահմանների առումով», - հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահը:

Արցախի արտաքին քաղաքականության հիմքում, ըստ Սահակյանի, «շարունակում են մնալ հավասարակշռվածության և բազմաուղղվածության սկզբունքները»: «Մեզ համար հրամայական է հավասարապես բարիդրացիական հարաբերությունների պահպանումը ինչպես Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, այնպես էլ տարածաշրջանային պետությունների հետ: Դա պայմանավորված է ինչպես մեր տարածաշրջանի յուրահատկությամբ, այնպես էլ հայկական սփյուռքի առկայությամբ», - Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ շեշտել է Բակո Սահակյանը:

«Արտաքին քաղաքական ասպարեզում պաշտոնական Ստեփանակերտը շարունակելու է հատուկ տեղ հատկացնել տարբեր երկրների ու պետությունների և նրանց վարչական միավորների հետ կապերի հաստատմանն ու խորացմանը», - ասել է Արցախի նախագահը:

«Յուրաքանչյուր ժամանակահատված առաջադրում է նոր խնդիրներ, պահանջում է տարբեր մարտահրավերների դիմակայելու ռազմավարության և մարտավարության հստակեցում ու ճշգրտում: Այստեղ առանցքային դերակատարություն ունի Հայաստան-Արցախ-Սփյուռք սերտ փոխգործակցությունը, Արցախի և նրա բարեկամների միջև մշտական գործնական կապերի ամրապնդումը: Անելիքներն ու խնդիրները բազմազան են, բայց միանգամայն իրատեսական: Համոզված եմ, որ մեզ հաջողվելու է արդյունավետորեն լուծել դրանք», - հայտարարել է Բակո Սահակյանը:

Համաժողովի համակազմակերպիչներն են Արցախի արտաքին գործերի նախարարությունն ու ՀՅ Դաշնակցությունը։ ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի փոխանցմամբ՝ համաժողովին մասնակցում են տարբեր երկրներում գործող Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբերի և շրջանակների, ինչպես նաև քաղաքական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, պատվիրակություններ Արցախի անկախությունը ճանաչած կամ Արցախի հետ համագործակցող վարչատարածքային միավորներից. ընդհանուր՝ շուրջ 30 երկրներից ավելի քան 150 քաղաքական-հասարակական գործիչներ և մտավորականներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG