Մատչելիության հղումներ

2020-ի հունիսին System of a Down ռոք-խումբը համերգ կտա Երևանում


2020-ի հունիսին System of a Down ռոք-խումբը համերգ կտա Երևանում։ Այս մասին այսօր հայտարարեց խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը։ Համերգի անցկացման վայրը, սակայն, դեռևս հաստատված չէ։

«Եկող տարի հունիսին System of a Down-ով գալիս ենք Երևան։ Աշխատում ենք վրան, եվրոպական տուր ենք անում, եկող տարի մայիսին, հունիսին այդ եվրոպական տուրին Հայաստանը ավելացրել ենք, փորձում ենք աշխատել, որ մի հատ լավ ներկայացում անենք», - ասաց Թանկյանը։

Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան Թանկյանը խոսելով հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած զարգացումների մասին ասաց. «Ես ոգևորված եմ ոչ միայն մեկ տարի առաջ տեղի ունեցածով, այլ նաև ոգևորված եմ դրանով, թե ինչ է տեղի ունենում այսօր, որովհետև ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում այստեղ, հրաշալի է»։ Թանկյանը հավելեց՝ լիահույս է Հայաստանի ապագայի համար։

«Թույլ տվեք սկսել՝ ասելով, որ լինելով ԱՄՆ-ում կամ այլուր ես ամեն օր հետևում եմ հայաստանյան լրահոսին, որ կարողանամ տեղյակ լինել, թե ինչ է կատարվում այստեղ, որովհետև դա ինձ համար շատ կարևոր է։ Եվ ես ոգևորված եմ ոչ միայն մեկ տարի առաջ տեղի ունեցածով, այլև ոգևորված եմ նրանով, թե ինչ է տեղի ունենում այսօր, որովհետև ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում այստեղ, հրաշալի է։ Մեկ տարվա ընթացքում մենք տեսանք աճի անհավատալի թվեր`սկսած տնտեսությունից, զբոսաշրջությունից մինչև միջազգային վարկերի վերադարձ, աճ աշխատաշուկայում։ Բոլոր թվերը աճում են, նայում ես դրանց ու ասում «ուաու», նման բան Հայաստանում երկար ժամանակ չի եղել, գուցե երբեք չի եղել։ Ու դա ոչ մի ազգի հետ մի գիշերվա ընթացքում չի պատահում։ Դրա համար իրականում պետք են ձեր պես մարդիկ, ովքեր ինչ-որ բան անում են իրենց ապագայի համար, գիտակցում իրենց ուժը, ունեն իրենց տեսլականը և կարողանում են իրենց վրա վերցնել պատասխանատվությունը», - նշեց ռոք երաժիշտը։

Թանկայնն ասաց՝ չափազանց լավատես է տեղի ունեցող զարգացումների նկատմամբ, բայց ոչ միայն ինքը։ «Երբ հեղափոխությունից հետո ես վերադարձա Լոս Անջելես, սփյուռքահայ բարեկամներն ինձ տարբեր առիթներով նրանք ինձ հարցնում էին՝ «դու այնտեղ էի, պատմիր մեզ, ինչ է տեղի ունենում»։ Մարդիկ փորձում էին վերլուծել տեղեկատվությունը, ավելի լավ հասկանալ այն՝ հղելով հարցեր և այլն։ Այժմ մեկ տարի անց նրանք են նստում ինքնաթիռ ու գալիս այստեղ։ Արդեն կարիք չկա, որ ես ոգևորվեմ ու ասեմ նրանց՝ գիտեք, հրաշալի մի բան է տեղի ունենում, նրանք արդեն գիտեն, որովհետև նրանցից շատերը արդեն հետ են եկել այստեղ, ինչը բացատրում է նաև զբոսաշրջության աճը։ Եվ նրանք բոլորը ոգևորված են, նրանք գալիս են ինձ մոտ և ասում՝ «ես Հայաստանում անում եմ սա կամ սա», - ընդգծեց Սերժ Թանկյանը։

Անդրադառնալով Երևանում անցկացվող IT աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկի՝ WCIT-ին, որին մասնակցելու համար էր նաև Երևան եկել Թանկյանը, նշեց՝ հուսով է, որ Հայաստանը կկարողանա օգտվել համաժողովից և այն փաստից, որ տարբեր մարդիկ իրար հանդիպում են և տարբեր լուծումներ են առաջարկվում։

«Նման գործարար միջավայրերում իսկապես կարևոր է մարդկանց մի տեղ հավաքել ու տեսնել, թե ինչ կա այնտեղ, ով ինչի վրա է աշխատում։ Ես գիտեմ, որ շատ հայկական ընկերությունները, ինչպես նաև Հայաստանի հետ աշխատող շատ այլ միջազգային ընկերությունները օգտվում են դրանից», - ասաց երաժիշտը։

Էկոլոգիական խնդիրների մասին մշտապես բարձրաձայնող Սերժ Թանկյանն այսօր խոսեց նաև Ամուլսարի մասին, ընդգծեց, որ Ամուլսարի հետ տեղի ունեցող իրադարձությունների խնդիրն այն է, որ այն քաղաքականացվում է։

«Երկար տարիներ ես համագործակցել եմ նրանց հետ, ովքեր պայքարում են Հայաստանում մաքուր շրջակա միջավայրի համար՝ սկսած Թեղուտի օրերից, մինչև Թեղուտում արդյունահանման սկսելը, Ամուլսարը, ես սատարել եմ նրանց, աշխատել նրանց հետ։ Այս երկրում Ամուլսարի հետ տեղի ունեցող իրադարձությունների խնդիրն այն է, որ այն քաղաքականացվում է։ Դա է խնդիրը։ Մենք կարող ենք ունենալ ոչ միայն հնարավոր բնապահպանական աղետ, բայց կարող ենք նաև դատական գործընթացի հետ կապված աղետ ունենալ, և նաև կան մարդիկ, ովքեր հակահեղափոխական են կամ ուզում են օգտագործել իրավիճակը քաղաքական նպատակների համար, ովքեր օգտագործում են այս խնդիրը կառավարության դեմ։ Եվ կարծես խնդիրը հենց դա է։

Որպես մի մարդ, ով նախկինում աշխարով մեկ աշխատել է բնապահպանական խնդիրներով և աջակցել հայ բնապահպաններին, ես չեմ սիրում, երբ մարդիկ քաղաքականացնում են խնդիրը։ Օրինակ, մարդիկ, ովքեր երբեք հետաքրքրված չեն եղել Հայաստանի բնապահպանությամբ, որոշ գործարարներ այժմ ասում են, որ հանքը չպետք է բացվի, և դա ինձ կատաղեցնում է, որովհետև նրանք միշտ թքած են ունեցել։ Իսկ ինչու՞ պետք է մտահոգված լինեն այսօր: Եվ դա մեծ խնդիր է ինձ համար։ Չեմ կարծում, որ հանքերը լավ կարող են լինել ցանկացած երկրի բնության համար։ Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում հենց այսօր, ինչպես դուք ավելի լավ գիտեք, քան ես, հետևյալն է՝ իշխանությունները դիտարկում են ցանկացած հնարավոր գործոն՝ բնապահպանական վնասի տեսանկյունից, ինչպես նաև իրավաբանական տեսանկյունից արբիտրաժի պատասխանատվության պատճառով և այլն։

Կարծում եմ՝ նրանք ավելի շատ են ուսումնասիրել այս հարցը անցյալ մեկ տարվա ընթացքում, քան աշխարհում որևէ կառավարություն, այդ թվում Միացյալ Նահանգները, որևէ նմանատիպ հանքարդյունաբերական հարցի շուրջ։ Այնպես որ, ես հարգանքով եմ մոտենում և հուսով եմ, որ ճիշտ լուծում կտրվի», - ասաց Սերժ Թանկյանը։

XS
SM
MD
LG