Մատչելիության հղումներ

Իր ծննդյան օրը Պուտինը բարձրացրեց սեփական աշխատավարձը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն սիբիրյան տայգայում, 7-ը հոկտեմբերի, 2019թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն սիբիրյան տայգայում, 7-ը հոկտեմբերի, 2019թ․

Երեկ՝ իր ծննդյան օրը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր, երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և ուժային կառույցների ղեկավարների աշխատավարձերը 4,3 տոկոսով բարձրացնելու մասին հրամանագիր է ստորագրել: Սա թերևս ամենաքննարկվող թեման էր երեկ երեկոյան ռուսական համացանցում:

Թիվ 481 հրամանի համաձայն՝ Պուտինի, Մեդվեդևի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացվում են նրանց սոցիալական երաշխիքներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով:

Պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանում դաշնային պաշտոնյաների միջին աշխատավարձը կազմում է 126 հազար ռուբլի կամ մոտ 2 հազար դոլար: Համեմատության համար՝ ռուսաստանցիների միջին աշխատավարձը կազմում է 43 հազար 400 ռուբլի, այսինքն՝ մոտ երեք անգամ պակաս: Ընդ որում, ըստ պաշտոնական տվյալների, ամենաբարձր աշխատավարձերը պետծառայողների շրջանում ստանում են նախագահի աշխատակազմի ծառայողները:

Թե որքան է Պուտինի կամ Մեդվեդևի աշխատավարձը, հայտնի չէ՝ այս մասին Ռուսաստանում ընդունված չէ խոսել: Ավելին՝ 2017 թվականին Պետդուման օրենք է ընդունել, որը թույլ է տալիս չհրապարակել, գաղտնիացնել նախագահի, վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի ու եկամուտների մասին տեղեկությունը, ինչպես նաև նրանց ընտանիքների վերաբերյալ տվյալները: Օրինակ՝ հայտնի չէ, թե ինչով են զբաղվում Ռուսաստանի նախագահի դուստրերը՝ նրանց մասին պաշտոնական որևէ տեղեկություն չի հրապարակվում:

Երեկ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, թե Պուտինն իր ծննդյան օրը նշում է մերձավորների և հարազատների հետ, սակայն թե ում հետ, հայտնի չէ: Պաշտոնապես միայն լուսանկարներ ու փոքրիկ տեսագրություն է տարածվել, որտեղ Ռուսաստանի նախագահը զբոսնում է Սիբիրում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ուղեկցությամբ:

67-ամյա Վլադիմիր Պուտինը 2024 թվականին պետք է թողնի նախագահի պաշտոնը՝ ընտրություններին մասնակցելու իրավունք, գործող Սահմանադրության համաձայն, նա չունի: Եվ սա ռուսական քաղաքական օրակարգի հիմնական հարցն է այսօր՝ ի՞նչ է անելու Պուտինը 2024 թվականից հետո, և ո՞վ է նրան փոխարինելու: Ինքը Ռուսաստանի նախագահը նման հարցերին չի պատասխանում, սովորաբար ասում է, թե դեռ վաղ է այդ մասին խոսելը:

XS
SM
MD
LG