Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը և նախագահը շնորհավորել են Ռուսաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ


Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպումը Երևանում, 1-ը հոկտեմբերի, 2019թ․

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ պետության ղեկավարի առաքելության իրականացման և Ձեր բոլոր ծրագրերի ու գաղափարների կյանքի կոչման գործում:

Շատ ուրախ էի, որ առիթ ունեցա հյուրընկալել Ձեզ Հայաստանում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում: Մեր երկկողմ հանդիպումը Երևանում և դրա շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները հաստատում են փոխըմբռնման և բարեկամության բարձր մակարդակը, որը բնորոշ է մեր երկրների և ժողովուրդների միջև դաշնակցային հարաբերություններին:

Շնորհակալ եմ պաշտոնական այցով Ռուսաստան այցելելու հրավերի համար: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի առավել ամրապնդել մեր երկրների միջև ռազմավարական գործընկերությունը և գտնել նոր ուղիներ դրա հետագա կատարելագործման համար` ժամանակակից պահանջներին և աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին համապատասխան»:

Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանն իր ուղերձում գոհունակությամբ է արձանագրել Վլադիմիր Պուտինի որոշիչ անձնական ներդրումը մասնավորապես քաղաքական, տնտեսական, ռազմական, մարդասիրական և այլ ոլորտներում, մշակույթի, նորարարության և տեխնոլոգիաների բնագավառներում երկու երկրների դաշնակցային և փոխշահավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման գործում:

«Հայաստանում Ձեզ ճանաչում են որպես Ռուսաստանի նշանավոր առաջնորդի, մեր ժողովրդի անկեղծ բարեկամի և ժամանակակից աշխարհի առավել հեղինակավոր քաղաքական գործիչներից մեկի:

Կցանկանայի ընդգծել, որ մենք պատրաստ ենք աջակցել Ձեր շարունակական ջանքերին՝ ուղղված խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանը ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, երջանկություն, բարեկեցություն եւ բարգավաճում», - ասված է Հայաստանի նախագահի ուղերձում:

Ռուսաստանի նախագահն այսօր դարձավ 67 տարեկան:

XS
SM
MD
LG